Կանգնել Արցախի ժողովրդի կողքին

50

Աղավնոյից եւ Բերձորից բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են։ Այս մասին երեկ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։  Հայտարարության հնչեցնելու պահին Երեւանում՝ Կառավարության մոտ մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ շտապ հավաք։

Ինչպես հայտնի է, օրերս Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը այցելել է Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին եւ հայտնել, որ մինչեւ օգոստոսի 25-ը նրանք պետք է լքեն իրենց տները։

Հավաքի կազմակերպիչներից մեկի՝ Նարեկ Այվազյանի խոսքով, իրենք Կառավարությունից պահանջում են, որ մի կողմ դրվի հանձնողական քաղաքականությունը եւ իրական քայլեր արվեն մարդկանց իրավունքների եւ սեփականության պաշտպանության համար․ «Տվյալ բնակավայրերից հեռացվելու են մարդիկ եւ լքելու են իրենց տները, որի համար 30 տարուց ավել պայքարել ենք, ամբողջ ազգով ենք պայքարել ու հիմա մեկ որոշումով, որը անհասկանալի իրավական հիմքեր ունի․․․ ասեմ ավելին՝ իրավական հիմք չունի»։

Այվազյանի ընդգծմամբ, իշխանությունից պետք է պահանջել կանգնել Արցախի ժողովրդի կողքին՝ առաջին հերթին քաղաքական առումով։

Հավաքի ժամանակ «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնություն անդամները ընթերցեցին հայտարարություն, ըստ որի՝ հաշվի առնելով Արդբեջանի կողմից շարունակվող հայատյաց, ահաբեկումներով, սպանություններով, պատանդներ վերցնելով իրականացվող ռազմականացված քաղաքականությունը, այդ թվում՝ ուղղված Արցախի Հանրապետության եւ Լաչինի մարդասիրական միջանցում ապրող խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաեւ մահաբեր ԱԹՍ-ներով հարձակումները Արցախում տեղակայված հայկական օրինական ուժերի վրա, պահանջում են ՀՀ կառավարությունից եւ Արցախ Հանրապետության կառավարությունից  չտալ նոյեմբերի 9-իձեւակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք այնտեղ բացակայում են, ապա նաեւ չտրվել ադրբեջանական ահաբեկումներին եւ չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ Ըստ հայտարարության՝ նաեւ անհրաժեշտ է կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Հավաքի մասնակիցների խոսքով՝ առաջիկայում կմեկնարկի բողոքի գործողությունների շարք, որի նպատակը կլինի ոչ միայն ՀՀ Կառավարությանը ստիպել զբաղվել արցախահայության խնդիրներով, այլեւ տեղի ունեցողի մասին տեղեկացնել, նաեւ համարժեք արձագանք պահանջել միջազգային հանրությունից։

Նշենք, որ Աղավնոյից ընդհանուր առմամբ տարհանվելու է 204 բնակիչ, իսկ Բերձոր քաղաքում, որտեղ մինչ պատերազմը ապրում էր 2000 բնակիչ, այժմ մնացել են միայն 174–ը։