Աղավնո համայնքի բնակիչների նամակը ուղղված ԱՄՆ և ֆրանսիայի նախագահներին

59

Աղավնո համայնքի բնակիչներից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին, Նիկոլ Փաշինյանին, Ստեփանակերտի Արայիկ Հարությունյանին.

Պայմանավորված պատերազմի վերջնարդյունք-հայտարարության կետերի համաձայն՝ մինչ օրս շարունակվող հիբրիդային, զավթողական գործողությունների հետևանքով հայաթափվում է և կամովին թշնամուն է հանձնվում հավերժ Հայաստանի մաս եղած Արցախը: 2020թ. Նոյեմբեր 9-ի եռակողմ փաստաթղթի համաձայն մինչև երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր նոր միջանցք՝ դեպի Սյունիքի մարզ: Աղավնո հայտնի գյուղն այս նոր տխրահռչակ միջանցքից ընդամենը 1200 մետր է հեռու, սակայն Աղավնոյի հայաթափումն ու փոխանցումն Ադրբեջանին՝ այլևս անխուսափելի է դառնում: Այսօր Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերի դավադիր քաղաքականության արդյունքում շարունակաբար հայաթափվում են հազարամյա հայկական գյուղերն ու քաղաքները: Հաջորդը՝ ըստ Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության՝ համեմատաբար երիտասարդ Աղավնոն է լինելու: Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Ջո Բայդեն. Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Էմանուել Մակրոն. Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից: Իրականացվող գաղտնի գործարքը Երևանի և Բաքվի միջև՝ հանդիսանում է ոչ այլ ինչ՝ քան ցեղասպանության տարատեսակ և ի դեմս մեզ՝ փախստականների նոր խմբաքանակի առաջացում: Արցախի վարչախումբը՝ մեզ մոտ էմիսարներ է ուղարկել, որոնք բացահայտորեն մեզ կոչ են արել լքել մեր տները, որովհետև գյուղի դավաճանական փոխանցումից հետո անկարող են լինելու ապահովել մեր անվտանգությունը, իսկ տեղի ռուսական զորքը հեռանալու է այս տարածքից: Մենք չունենք այլևս այլ հույս՝ քան ձեր՝ Մինսկի Խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ երկու պետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների միջամտությունն ու միջնորդությունը՝ վերահաս և անխուսափելի թվացող հումանիտար աղետը կանխելու նպատակով: Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերից մենք պահանջում ենք անհապաղ ձեռք առնել բոլոր միջոցները՝ Աղավնո գյուղը նոր միջանցքի՝ Կոռնիձորի միջանցքի մեջ ներառելու ուղղությամբ: 1200 մետրի հարց Բաքվի ձեր գործընկերոջ հետ դուք հաստատ կարող եք լուծել: Եթե, իհարկե, ցանկանաք: Դուք պետք է դա ցանկանաք: Դուք պարտավոր եք դա ցանկանալ:

Աղավնո համայնքի բնակիչներ.