«Մտածում ենք՝ մեր վերջն ի՞նչ է լինելու. պարզ է, որ ցանկանում են Արցախը հանձնել»․ Ստեփանակերտում մտահոգված են

23

Օգոստոսի 1-ից արցախա-ադրբեջանական շփման  գծում իրավիճակը լարված է։  Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին:

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Պաշտպանության բանակը նշում է, որ որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Սահմանին իրավիճակի լարվածությունն անհանգստացնում է Արցախի խաղաղ բնակչությանը։ Նրանք մտհոգություններ են հայտմում, որ հանկարծ լայնածավալ պատերազմ չսկսվի։

«Պարզից պարզ է, որ ցանկանում են (Արցախը) հանձնել և սա Փաշինյանի կուլիսային բանավոր պայմանավորվածությունն է։ Փաշինյանն ո՞վ է դարձել, որ կարողանում է Արցախը հանձնել և այսքան հայ ազգն էլ հետը հանձնի, իսկ մեզանից հարցրել է՝ ուզո՞ւմ ենք Ադրբեջանի կազմի մեջ ապրել»,-ասում է Ստեփանակերտի շուկայում առևտրով զբաղվող կանանցից մեկը։

Ստեփանակերտում դժգոհություններ կան Հայաստանի իշխանություններից։ Արցախցիներից ոմանք կարծում են, որ Երևանը անհրաժեշտ գործողություններ չի իրականացնում Արցախը պաշտպանելու համար։ Հարցման ընթացքում բնակիչներն անհրաժեշտություն համարեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Խաղաղության մասին երազող արցախցիների թվում կան կարծիքներ, որ միայն ռուսական կողմը կարող է կանխել պատերազմը:

«Մտածում ենք, թե մեր վերջն ինչ է լինելու։ Ասում են՝ Պուտինը կանչել է Էրդողանին ու Ալիևին, գոնե մեր հարցը լուծվի, մեղք են մեր ժողովուրդը։ 18-20 տարեկան տղաներն են պահում սահմանը, նման բան չի լինում։  5000 զոհը տվել ենք, էլի տա՞նք»,-ասաց մեկ այլ բնակիչ, որին լրացրեց մեկ այլ քաղաքացի․ «Եթե լավ ղեկավար լինի, գնա Պուտինի կողմը, մեզ գցի ռուսի կազմի մեջ, պասպորտները փոխեն դառնանք Ռուսաստանի կազմի մեջ»։

Արցախում, այնուհանդերձ, դժգոհություններ կան նաև ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբից։ Ստեփանակերտում մատնանշում են անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահների բացթողումներն ու նրանց ներկայությամբ գրանցված աղմկահարույց միջադեպերը։

Հիշեցնենք, ռուս խաղաղապահի ներկայությամբ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 55-ամյա Արամ Տեփանցը սպանվեց մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից: Դեպքի պահին սպանված քաղաքացու կողքին՝ կրակահերթի տակ հայտնված տրակտորի մեջ եղել է նաև ռուս խաղաղապահ, որպեսզի երաշխավորի Տեփանցի անվտանգությունը: Այս դեպքից ընդամենը հինգ օր անց ադրբեջանական զինուժը կրակ  բացեց Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի՝ Նոր Շեն գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Իսկ ահա նոյեմբերի 8-ին էլ Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Ստեփանակերտի հիվանդանոց էր տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել էր։ «Ռուսը ի՞նչ է անում։ Ադրբեջանը խփում է, ամեն ինչ անում է՝ ռուսն ընդունում է, բայց մերոնք,  որ ուզում են խփեն, ասում են՝ մի խփեցեք։ Նման բան է լինո՞ւմ»,-ասում է բնակիչներից մեկը։

Թեև ստեղծված լարված իրավիճակին արցախցիները հայտնում են, որ երկրից չպետք է հեռանալ։ «Ինչ էլ լինի միևնույն է, մենք պետք է մեր հողը պահենք, մեր երիտասարդների թափած արյունը չպետք է թողնենք գնանք ուրիշ տեղ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան