««MediaNews» լրատվական կայքը ֆեյք է, չի համապատասխանում ԶԼՄ մասին օրենքին»․ Չալաբյանի փաստաբան

30

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ավետիք Չալաբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ներկայացրեց կալանավորման հիմք հանդիսացող ոստիկնության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ  Ս․ Սարգսյանի զեկուցագիրը․

«Զեկուցում եմ այն մասին, որ 2022թ․ մայիսի 10-ին համացանցում առկա տեղեկատվությունը ուսումնասիրելու ընթացքում նկատել եմ 09․05․2022թ․ «MediaNews» լրատվական կայքում հրապարակվել է՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար․ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ՈՒԽ-ի նախագահ Թոռնիկ Ալյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ ձայնագրություն»։

Ապա փաստաբանն անդրադարձավ «MediaNews» լրատվական կայքին, որը հրապարակել էր Չալաբյանի վերաբերյալ ձայնագրությունը։
Պաշտպանը հայտարարեց, որ այն ֆեյք է, չի համապատասխանում ԶԼՄ մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգավորմանը։ Այն է՝ էլեկտրոնային լրատվամիջոցը իր լրատվական պաշտոնական կայքում պետք է պարունակի մի շարք տեղեկություններ։ Օրինակ՝ այն իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, որ հանդիսանում է լրատվական կայքի սեփականատերը։

«MediaNews»-ը  չի համապասխանում այդ պահանջներին»,- նշում է պաշտպանը՝ հավելելով, որ  իրավակարգավորման վերաբերյալ իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ տարիներ շարունակ  հանդես են եկել քննադատող դիրքորոշումներով․

«Զեկույցներ են պատրաստվել այն մասին, որ պետական իշխանության մարմիննրերը՝ մասնավորպես՝ հատուկ ծառայությունները, շրջանցելու համար օրենքով նախատեսված սահմանափակումներն ու պահանջները, իրականցնում են գաղտնի ձայնագրում, դա տրամադրում են լրատվական որևէ միջոցի, և «հրաշքով» նույն այդ պահին որևէ ավագ տեսուչ իր անհասկանալի լիազորությունների իրականացման շրջանակներում մտնում է ֆեյք լրատվամիջոց, որպեսզի ստուգի, թե ինչ կա, չկա աշխարհում։ Դա էլ է հարց, թե իր որ լիզաորությունների շրջանակներում է ավագ տեսուչը մտել «MediaNews» լրատվական կայք՝ իր լիազորությունները իրականացնելու նպատակով։  Ապա ոստիկանության հարգելի տեսուչները զեկուցագրով ապահովում են աղբյուրի ֆորմալ օրինականացումը»։

«Նոր քրեական դատավրության օրենսգիրքը այս հարցը լուծելու համար հետևյալ կարգավորումն է նախատեսել, որ երբ օպերատիվ հետախուզական մարմինը, քննիչը, դատախազը կամ դատավորը իր լիազորությունների շրջանակում հայտնաբերում է հանցագործության  որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ու հանդես է գալիս համապատասխան զեկուցագրով կամ հաղորդմամբ, անպայման այդ զեկուցագրի կամ հաղորդման մեջ պետք է նշի, թե իր ո՞ր լիազորությունների իրականացման շրջանակում է հայտնաբերել այդ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը։ Քրեական գործի նյութերում ի սպառ բացակայում է որևէ տեղեկատվություն, թե ավագ տեսուչ Ս․ Սարգսյանը իր որ լիազորոթյունների շրջանակներում է որոշել մտնել Մեդիա նյուզ լրատվական կայք»,- ասաց փաստաբանը։

Պարզելու համար, թե «MediaNews»  լրատվական կայքը ի՞նքն է գաղտնի ձայնագրել Չալաբյանին և իր զրուցակիցներին, թե՞  «MediaNews»-ին տրամադրվել է ձայնագրությունը, պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով պարզել լրատվական կայքի սեփականատիրոջը, տնօրինության աշխատակազմին, իրականացնել օերնքով սահմանված քննչական գործողություններ՝ մասնավորապես հարցաքննություններ՝ պարզելու մի շարք հանգամանքներ․

«Եթե «MediaNews» լրատվական կայքին տրամդրվել է ձայնագրությունը, տրամադրվել է ամբողջակա՞ն տարբերակով, թե՞ հենց մոնտաժված։ Եթե ամբողջական ձայնագրությունն է տրամդրվել, ապա «MediaNews» կա՞յքն է մոնտաժել և հարմարցրել, որ տպավորություն ստեղծվի, գոնե առաջին հայացքից, որ այստեղ խոսքը վերաբերում է նյութապես շահագրգռելու եղանակով անձանց հանրահավաքին ներգրավելուն։    Քննիչը հետաձգում է մեր միջնորդության քննարկումը մեկ ամիս։ Պատճառաբանելով՝ «եկեք, հասկանանք, թե այդ լրատվամիջոցը ինչ է իրենից ներկայացնում»»,- ասաց փաստաբանը, ապա ավելացրեց, որ քննիչը այնուամենայնիվ ձեռք է բերում «MediaNews ՍՊԸ» իրավաբանական անձի տվյալները, որում արտացոլված են տնօրենի տվյալները, վերջինիս հարցում է ուղարկում՝ առաջադրելով մի քանի հարցեր։ Սակայն փաստաբանի պնդմամբ այդ հարցերի պատասխանները քննիչը չի ստացել։

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը իր ելույթում նշեց, որ քրեական նյութերում  առկա են համապատասխան դատավարական գործողությունները՝ պարզելու համար թե՛ հնարավոր ձայնագրողին, թե՛ ձայնագրման եղանակը․

«Տվյալ լրատվական միջոցը մեր համացանցի տիրույթում առկա է։ Ֆեյքը գնահատական է, որը քրեաիրավական տիրույթից դուրս է մնում»։

Լուսինե Հակոբյան