Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:
«Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են այն բանին, որ կան զոհեր և վիրավորներ։
Էապես կարևոր է թուլացնել լարվածությունը, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու բանակցված լուծումների:
Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու ներգրավվածությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր են կիրառում Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: