Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրավիրված հրատապ դատական նիստում նրա պաշտպանները, հաշվի առնելով առողջական վիճակի վատթարացումը, միջնորդեցին խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։ Աղվան Հովսեփյանին դատական նիստին չէին ներկայացրել, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։
Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ 11-ամսյա կալանքը վատթարացրել է Հովսեփյանի առողջական խնդիրները․ նա կարող է կոմայի մեջ ընկնել, ապա դատարանին ներկայացրեց փաստաթղթեր և բժշկական տեղեկանքներ այն մասին, որ Աղվան Հովսեփյանի մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, արձանագրվել է առողջական վիճակի վատթարացում, և կալանքը համատեղելի չէ այս իրավիճակի հետ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, հայտարարեց, որ նշվածը նոր հանգամանքներ չեն համարվում, պետք է սպասել արդեն իսկ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Նա մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դիմեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին․

«Ասում ենք՝ մահամերձ է, կարող է կոմայի մեջ ընկնել, իսկ դուք ասում եք, թե ոչինչ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Ո՞վ է մեղավոր։ Նա, ով կալանքի տակ է պահում Աղվան Հովսեփյանին։ Ձեր մեկնաբանություններն աբսուրդ եմ համարում ձեր պրոֆեսիոնալիզմի պայմաններում։ Սա վկայում է այն մասին, որ դուք այստեղ ուրիշ խնդիր եք կատարում»։

Դատավորն արձագանքեց, որ Աղվան Հովսեփյանի ծանր հիվանդության մասին եզրակացություն այս պահին չկա, եզրակացությունը տարբերվում է պաշտպանների կողմից ներկայացրած՝ բժիշկների տված տեղեկանքներից։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest