Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկներում հուլիս ամսվա ընթացքում հայտնաբերվել են՝ 97 բջջային հեռախոս, 79 կտրող-ծակող առարկա, ինքնաշեն ոգելից խմիչք՝ 193.4 լիտր, խաղաթղթի՝ 138 և մի շարք այլ դեպքեր:
Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Գ.Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը, որի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ 1,25 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և 7,03 գրամ քաշով շագանակագույն, մածուցիկ զանգվածներով: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ երկու հացերի արանքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված կաթնագույն, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։ Զննությամբ պարզվել է նաև, որ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներով հյութերի պիտակների ներսային հատվածներում առկա են եղել դեղնավուն, կպչուն, կասկածելի զանգվածներ։
Նույն՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ: Պահպանության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, որն իրականացրել էր ներնետումը: Զննությամբ պոլիէթիլենային շշում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, լիցքավորման սարքեր և ականջակալ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: