«Դուք եք այն դատարանը, ում շուրջ են պտտվում իշխանությունների հետաքրքրության ոլորտում գտնվող դատական գործընթացները»․Չալաբյանի գործ

49

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, շարունակվեց Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պնդելով, որ այս դատարանից անկախություն և անաչառություն չեն կարող ակնկալել։ Փաստաբանները դա կապում են նախկինում դատավորի իրականացրած գործունեության և այս դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի բազմաթիվ իրավունքների խախտումների հետ։ Փաստաբանի խոսքով՝ դատական նիստը նշանակելիս էլ հաշվի չի առնվել Չալաբյանի առողջական վիճակը, որ գոնե մեկ շաբաթ դատական նիստը հետաձգվեր․

«Առաջին իսկ պահից մենք չունենք հավասարություն և մրցակցութուն, մենք ունենք դատարան, որը հանդիսանում է մեղադրող կողմ, ունենք մեղադրող և պաշտպաններ, ովքեր փորձում են պաշտպանվել դատարանից և մեղադրողից։
Դուք հանդիսանում եք այն դատարանը, ում շուրջ են պտտվում հանրային հնչեղություն ունեցող և իշխանությունների հետաքրքրության ոլորտում գտնվող դատական գործընթացներ՝ թե՛ նախորդ իշխանությունների, թե՛ այս իշխանությունների օրոք»,-նիստին հայտարարեց փաստաբան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ դատավորը՝ որպես ապօրինի դատական ակտ կայացնող դատարան, շարունակում է պաշտոնավարել։ Պաշտպանական կողմի մոտ ողջամիտ կասկած է գալիս, որ այս գործն էլ ի սկզբանե մակագրվել է Մարտիրոսյանին, որ պաշտպանական կողմի իրավունքների խախտմամբ և նմանատիպ այլ գործողություններով ապահովվի Չալաբյանի շարունակական անազատության մեջ գտնվելը, որի հետևանքով հետագայում պետք է կայացվի ապօրինի դատավճիռ և Չալաբյանը պատժվի իր քաղաքական հայացքների և հասարակական գործունեության համար․

«Դուք այդ ապօրինությունների անբաժան մասն եք ապահովում․ ապօրինություններ տեսանք նախաքննության փուլում, տեսանք մեղադրական եզրակացությունում, հիմա նույն ապօրինությունն ենք տեսնում։ Նախաքննության փուլում ապօրինություններն այն աստիճանի էին հասել, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ կա վկա, ով ցուցմունք պետք է տա, գործի վերաբերյալ պետք է հանգամանքներ ներկայացնի, բայց վկան չի հարցաքննվում․սա չլսված ապօրինություն է»,-դիմելով դատավորին ասաց փաստաբանը։

Պաշտպանական կողմի համոզմամբ՝ դատական համակարգը կազմված է երկու անձանցից․նախաքննության փուլում կալանքն ապահովում է Արուսյակ Ալեքսանյանը, դատաքննության փուլում՝ Մնացական Մարտիրոսյանը։