ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

25

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքների և ահազանգերի հաշվառմամբ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցեր են իրականացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժնումներ (զինկոմիսատրիատներ)։

Այցերի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների, ինչպես նաև վարժական հավաքներին ներգրավվող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, դրանց շրջանակում կայացված որոշումների բողոքարկման, բժշկական փաստաթղթերը զորակոչիկներին տրամադրելու ընթացքում պրակտիկայում առաջացող խնդիրներին։

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժնումների ղեկավարների հետ քննարկվել են զինծառայության ներգրավման և գրավչության բարձրացման, զորակոչիկների կրթական ցենզի, առողջական վիճակի հետ կապված և Պաշտպանին հասցեագրվող բողոքներով վերհանված մի շարք հարցեր։

Համակարգային բնույթի բազմաթիվ հարցեր են բարձրացրել նաև ստորաբաժնումների ղեկավարները և ներկայացուցիչները։

Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։