«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․բոլոր հարցերն ուղղեք դատական իշխանությանը»․Կարեն Անդրեասյան

32

Կառավարության անդամները պատասխանում են լրագրողների հարցերին։

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,-հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նա անդրադարձավ կալանավորված ընդդիմադիրների խափանման միջոցները փոխելու մասին հարցին: Նրա խոսքով՝ իշխանությունը ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ կապ չունի նրանց կալանքից ազատման  հետ․

«Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ  արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ողջունելի է»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ լրացուցիչ բեռնաթափվում են ՔԿՀ-ները:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելը ճիշտ քայլ է եղել դատավորի կողմից, Անդրեասյանը նշեց.

«Ողբերգությունը չի փոխում իրավաբանական հիմքերը: Իմ կողմից գնահատական հնչեցնելը՝ արդար է գործել դատավորը, թե ոչ, ապօրինություն է: Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, և տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել։ Չեն եղել լուրջ խնդիրներ ու լուրջ բողոքներ, որպեսզի վերանայվի նաև խափանման միջոցը»։

Ինչ վերաբերում է մնացած բոլոր առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին, օրինակ հայտնի կալանավորված անձինք, ովքեր այժմ տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, բժիշկների կողմից պարբերաբար ստուգվում են․

«Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում դատարաններին, էլ ավելի ուշադիր լինել, նաև բողոքներ կան ազատազրկված անձանցից, որպեսզի ուշադիր լինեն այդ բողոքներին։ Ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ էլ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից։ Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»։