«Հադրութը չեն տալիս, գոնե մեր տների փոխհատուցումը տան»․ Հադրութից տեղահանված

31

Կառավարության շենքի դիմաց Արցախի տեղահանված անձինք բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանցից մեկի խոսքով՝ հավաքին մասնակցում են միայն Հադրութի, Քաշաթաղի ու Քարվաճառի տեղահանվածների մի չնչին մասը։ Հավաքվել են՝ Կառավարությանը ներկայացնելու իրենց չորս պահանջները։

«Առաջինը պահանջում ենք Արցախի հայկական կարգավիճակ, որը պետք չէ մեզ՝ փախստականներիս, այն պետք է Արցախից մինչև Լոս Անջելես ամբողջ հայությանը։ Չկա Արցախի հայկական կարգավիճակ, մի հսկա դամոկլյան սուր կախվում է հայկական ինքնության վրա։ Առանց Արցախի անկախության՝ հայկական ինքնությունն է վտանգված»,-ասաց մասնակիցներից մեկը։

Երկրորդ պահանջը «փախստականի» կարգավիճակի ճշտումն է իրենց համար։ Ըստ տեղահանվածների՝ ինչու է այն վտանգվել, կարող է պատասխանել Հայաստանի իշխանությունը, որովհետև նրանք ասում են՝ կա Հայաստանի իշխանություն, կա Արցախի իշխանություն․

«Երբ Արցախի հողերը զիջելու կամ Աղավնոն քշելու, Բերձորը դատարկելու հարց է առաջանում, այն լուծում է Հայաստանի վարչապետը։ Երբ Արցախում հայտնված փախստականները դիմում են բնակարանային կամ սոցիալական հարցերով, ասում են՝ դիմեք Արայիկ Հարությունյանին»։

Երրորդ պահանջը Հայաստանի տարածքում «փախստականների» համար հավաքական համայնք կառուցելն է, որպեսզի կարողանան այստեղ մնալ թեկուզ Հադրութ վերադառնալու ապագա տեսլականով։ Մանակիցներից մեկի խոսքով՝ եթե համայնքերը չկառուցվեն, այլընտրանքը Արցախ վերադարձը չի լինի․

«Գնալու ենք մեկը Ռուսաստան, մեկը Ամերիկա ու կորչեն։ Որպեսզի այս ժողովրդին ապագայում Արցախ վերադարձնելու շանս լինի, պետք է համայնք կառուցվի։

Չորրորդ պահանջի ուղղությամբ կարծես հաջողություն է սպասվում, Կառավարությունը որոշել է 40,000 դրամ աջակցություն տալ, ընդ որում որոշման մեջ հստակ նշված է, որ մինչև տվյալ անձին բնակարանով չապահովեն, այդ գումարը պետք է տան։
Սա Կառավարության կողմից հաջողվածներից է, բայց հուլիսի  գումարը դեռ տրված չէ, ակնկալում ենք մինչև սեպտեմբեր։

Մեկ այլ մասնակից էլ ասում ՝ տուն եմ ուզում։ Տան վարձերը բարձրացված են, իրենց էլ բնակարան չի առաջարկվել Արցախում։ Եթե առաջարկեն էլ, կարծում է՝ սահմանին կառուցված տուն անիմաստ է վերադառնալ։ Չի գնա, որովհետև աղջիկ թոռնիկ ունի․

«Մեր Հադրութը մեզ տան, գնանք մեր տները։ Այստեղ չենք կարողանում ապրել։ Հադրութը չեն տալիս, գոնե մեր տների փոխհատուցումը տան, ստեղ տուն առնենք։ Մեր պահանջը մեր տունն է»։