ՄԻՊ աշխատակազմը Տավուշի մարզի 8 գյուղում մշտադիտարկում է անցկացրել

46

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները և պայմանները և բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։

Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։

Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։

Համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։

Արձանագրված խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների և վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարակում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։