«Էրեխուս բանակ տարան ու այլևս չվերադարձրեցին»․ տանկիստի մայր

1310

«Էրեխուս բանակ տարան ու այլևս չվերադարձրեցին»,-ասում է 44-օրյա պատերազմում անմահացած Էրիկ Հաջիկյանի մայրը՝ Լիլիթ Չատինյանն ու մխիթարվում որդու սխրագործությունների մասին հիշողություններով։

Էրիկ Հաջոյանը տանկիստ էր, կռվել է պատերազմի թեժ կետերում։

Պատերազմի առաջին օրերին Էրիկն ու ընկերները հրաման են ստացել ոչնչացնել Ջրականի (Ջեբրայիլ) ուղղությամբ թշնամու կուտակած զինտեխնիկան։ Ընտանիքի անդամները պատմեցին, որ Էրիկն ու ծառայակիցները մարտական առաջադրանքը կատարել են ընդամենը յոթ տանկով։ Առանց հետևակի 40 րոպե մարտ են վարել, ոչնչացրել են հակառակորդի չորս տանկը և 1000 հոգուց բաղկացած հետևակի կեսը։ Հակառակորդը նահանջել է, որից հետո հայկական կողմն անգամ նրանց թողած զենքերն է հավաքել։

Էրիկ Հաջիկյանը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 30-ին՝ Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո։

«Էրիկս սեպտեմբերի 30-ին վերադարձավ։ Էրեխեքին գաղտնի բերեցին ու միանգամից Ջեբրայիլ տարան, մսաղաց տարան, էրեխեքին։ Չնայած՝ ոչ մի անգամ չեն բողոքել, բայց թեժ մատրերին են մասնակցել, շատ թեժ»,-ասում է մայրը և շարունակում․

Էրիկի հանդիպումը ծնողների հետ վերջին անգամ եղել է այդ օրը օդանավակայանում՝ 30 րոպեով։ «Մեր վերջին հանդիպումն էր, վերջին նկարը, վերջին անգամ համբուրելը։ Էրեխեքին, որ ավտոբուս էին նստեցնում, նայում էի անտրամադիր չէին, բայց հիմա, որ հետին հայացքով վեր եմ հիշում, մի տեսակ խառնված էին էրեխեքը, երևի գիտեին, թե ուր էին գնում, մենք էլ ճանապարհեցինք»։

Պատերազմի օրերը Հաջիկյանների համար կրկնակի ծանր են եղել։ Առաջնագծում են եղել երկու որդիները։ Էրիկը և Էդիկը թշնամու դեմ պայքարել են միմյանցից քիչ հեռավորության վրա։ Հոկտեմբերի 15-ին Էդիկի երկու ոտքերը վիրավորվում են ԱԹՍ-ների հարվածից, նրան տեղափոխում են Խնձորեսկի հոսպիտալ։

«Էրիկիս զանգեցինք ասեցինք, որ Էդիկը վիրավորվել է շատ ուրախացավ։ «Էդ ինչ լավ է մամ, Էդիկը փրկվեց»,- պատմում է մայրը, որ Գորիսում տեսածից հետո է միայն հասկացել, թե ինչու է եղբոր վիրավորվելու փաստն ուրախացրել Էրիկին։

Էրիկի հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 16-ի առավոտյան՝ Խնձորեսկի ճանապարհին։  «Մեկ ու կես ժամ անց իմացանք, որ Էրիկիս տանկը խփել են։ Սարսափելի էր, մինչ այսօր էլ սարսափելի է։ Այնպես դուրս եկավ, որ մենք գնացինք մեր էրեխուն բերեցինք։ Էդիկի հետ վերադարձանք Վանաձոր՝ ամսի 17-ի առավոտյան ու էրեխուս բերեցին»։

Իշխանաձորի մատույցներում ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցվել է Էրիկի  տանկը։

Լիլիթ Չատինյանը նշում է, որ որդին զոհվել է անկազմակերպ վարվող պատերազմի հետևանքով։ Երբ մեկնել Խնձորեսկ «Հաղթելու ենք» տրամաբանությանը հակառակ իրավիճակների են ականատես եղել։ Խուճապի մատնված քաղաքացիներ և վիրավոր ու գերհոգնած զինծառայողներ։

«Էրիկիս տանկը նույնիկս փչացած է եղել, այդ վիճակով գնացել վիրավոր տղեքին հանել է ու բերել, «Ասել է՝ ոչինչ, գոնե տղեքին կդնեմ վրեն, հետ կբերեմ։ Էրիկս այնպիսի բաներ է արել, որ իմացել եմ ու չեմ պատկերացրել․․․Հերոսություն է արել, ամեն մարդ չի գնա դիակ հավաքի, չթողնի որ դիակի վրայով քշեն գնան, հավաքել մի կողմի է դրել։ Այդ պահին կարող էին իրեն էլ խփել»,-ասում է մայրը։

Էրիկ Հաջիկյանը Վանաձորից էր։ Ինժիների մասնագիտություն էր սովորում Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Բանակ մեկնել էր ուսումը կիսատ թողնելով 2-րդ կուրսում։ «Հնարավորինս տրամադրություններս բարձր ճանապարհեցինք բանակ, ուրախ ճանապարհեցինք»,-հիշում է մայրը։

Էրիկը կրթության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել։ «Դասակի հրամանատարին խնդրել էր, որ հեռուստացույց դիտելու ժամին իրեն թույլ տան, որ գիրք կարդա։ Հրամանատարը զարմացել էր։ Հարցրել էր՝ ի՞նչ ես կարդում, պատասխանել էր՝ անգլերեն գրքեր։ Հրամանատարն էլ ավելի էր զարմացել»,-պատմում է մայրը։

Էրիկը զբաղվել է կարատեով։ Նվաճել է մինչև սև գոտի։ Սենյակում զինվորական հոգուստի, զինգրքույկի և մյուս իրերի կողքին մի քանի տասնյակի հասնող մեդալներն են, որոնք ստացել է նաև արտերկրում։ Դրանցից մեկը հատուկ նվաճել էր մայրիկի ծննդյան օրվա առթիվ։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Էրիկ Հաջիկյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Մարտական Ծառայության մեդալով։

Էրիկ Հաջիկյանի մասին հիշողություններով կիսվել են նաև հարազատները՝ մանրամասները տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան