«Նիկոլ Փաշինյանին ժամանակին դատել եք, ՄԻԵԴ-ն իրեն արդարացրել է, դրանից հետո իրավունքներ ունի դատավորների նկատմամբ». Չալաբյանը՝ դատավորին

37

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր մեկնարկել է Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։ Դատական նիստին Չալաբյանը հայտարարեց, որ երկուսուկես ամիս քաղաքական հետապնդման պատանդ է, և, որ այստեղ քրեական գործ չկա, սա ծխածածկույթ է․

«Կա վարչախմբի ղեկավար, անունն էլ նշենք՝ Նիկոլ Փաշինյան, ում ժամանակին դատել եք, հետո ՄԻԵԴ-ն իրեն արդարացրել է, դրանից հետո, այսպես ասած, իրավունքներ ունի դատավորների նկատմամբ։ Վարչախմբի ղեկավարը իրականացնում է իմ և ընտանիքիս նկատմամբ հետապնդում, բոլոր փաստերն աստիճանաբար, դատական պրոցեսների ընթացքում հերթով կբացահայտվեն»,-դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց Չալաբյանը։

Չալաբյանն ավելացրեց՝ այս ծխածածկույթի տակ իրավապահ համակարգում գործող կազմակերպված խումբն իրականացնում է գործողություններ՝ ամեն անգամ օրենքը կամայական մեկնաբանելով իրեն պահել կալանքի տակ․

«Այս դատավճիռը երբևիցե օրինական ուժի մեջ չի մտնելու։ Բոլորը լավ հասկանում են՝ այստեղ չկա հանցակազմ, սա ֆաբրիկացիա է, որն արվել է ապօրինի ձայնագրությամբ՝ հազար տեղից իրար կպցրած, կառավարական կայքում հրապարակած՝ ընդ որում ապօրինի կայքում, որի սեփականատերը վարչապետի օգնականն է։ Դրա հիման վրա բացարձակ ապօրինի քրեական գործ է հարուցվել, որտեղ ամեն ինչը կախված է ընդամենը երկու վկաներից` շանտաժով ու իմ աչքի առաջ խոշտանգումով ստացած ցուցմունքներից»։

Դատավորն ընդհատեց Չալաբյանին։