Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը

59

Այսօր` ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 13:00 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք–Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննությունը դռնբաց է լինելու:

Նշենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներով, այնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցով, որն ուղարկվել է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին:

Դատաքննության մեկնարկին Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն առաջարկում է հետհայացք գցել Ավետիք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին` հասկանալու համար ով է Ավետիք Չալաբյանն ու ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման:

Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 Երևանում, ֆիզիկոսների ընտանիքում։ 1989-1994թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով։ Աշխատել է որպես Էկոնոմիկայի նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վարչության պետ, եղել է Հայաստանի անդամակցության համար բանակցող թիմում։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ 1999-2001 սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (UNC Chapel Hill, Kennan Flagler Business School), ստացել է բիզնեսի մագիստրոսի կոչում, ճանաչվել է տարվա լավագույն ուսանող։

Համալսարանն ավարտելուց հետո 2001-2020 թթ աշխատել է “McKinsey & Company” համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության Մոսկվայի գրասենյակում, որտեղ խորհրդատուից մինչև ավագ տնօրենի ճանապարհ է անցել։ “McKinsey & Company”-ում նա ղեկավարել է ընկերության համաշխարհային մետալուրգիական պրակտիկան, և լայնորեն հայտնի է դարձել համաշխարհային մետալուրգիական շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված տրանսֆորմացիոն ծրագրերով: Հանդիսացել է տրանսֆորմացիոն թեմաների ճանաչված խոսնակ՝ մասնակցելով տասնյակ համաշխարհային արդյունաբերության և տնտեսական համաժողովների:

2020-2022 հանդիսացել է «Մետինվեստ» խոշոր միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Միջազգային բիզնես խորհրդատվության կարիերային զուգահեռ Հայաստանում նա հիմնադրել և ներգրավված է եղել բազմաթիվ զարգացման ծրագրերում Հայաստանում, մասնավորապես կրթության, տնտեսական մրցունակության զարգացման, հայրենադարձության և բանակաշինության ոլորտներում։ 2008 թվականին նա միացել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդին, որում կարևոր դերակատարում է ունեցել կառավարության կողմից Հայաստանի զբոսաշրջության զարգացման առաջին ծրագրի ընդունման գործում։

2010 թ-ին միացել է «Այբ» հիմնադրամին որպես աջակից և բարերար։ 2012 թ-ին համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia), որն աջակցում է հայրենադարձությանը և օգնում հայրենիք վերադարձողներին իրենց մասնագիտական և սոցիալական ինտեգրման հարցում: Հիմնադրամի ստեղծման օրվանից, Ավետիքը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։

2013-ին, մտահոգված լինելով Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճով, Ավետիքը նախաձեռնել է «Արար» հիմնադրամի ստեղծումը, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի առջև ծառացած, հատկապես, անվտանգային հիմնախնդիրների լուծմանը: Ստեղծման օրվանից «Արար»-ը մի շարք նորամուծություններ է առաջ քաշել և ներդրել պաշտպանության ոլորտում՝ հատկապես կենտրոնանալով զինծառայողների անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և պաշտպանության կարիքների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա:

2020 թ․-ի լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո «Արար»-ը կենտրոնացած էր Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի վերականգնման կրիտիկական ծրագրերի և ռազմարդյունաբերական ներուժի վերականգնման վրա։ Ավետիքը քաղաքականության մեջ կարճատև գործունեություն է ծավալել 2019 թվականին, երբ մի քանի գործընկերների հետ հիմնել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը և ղեկավարել նրա քաղաքական ծրագրի մշակումը։ 2020 թ նոյեմբերին, պատերազմից հետո Ավետիքը դուրս է եկել կուսակցության վարչությունից՝ կենտրոնանալու երկրի անվտանգության հրատապ կարիքների վրա։ Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման անդամ է։

2020թ սեպտեմբերին ընտանիքի հետ վերջնականապես տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության։ Ամուսնացած է, չորս երեխաների հայր է: Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: Ավետիք Չալաբյանի գաղափարներն ու տեսակետը` մեկ տեսաշարում:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ