«Բովանդակային առումով դատարանը պաշտպանությունից զրկում է Չալաբյանին»․փաստաբան

39

Երեվանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ վարույթ իրականացնող քննիչը խախտել է մեղադրյալի իրավունքները և օրենսդրությունը՝ ժամանակին չծանոթացնելով մեղադրական եզրակացությանն ու գործի նյութերին․

«Կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, քննիչն ուղարկել է ծանուցում, որ վաղը Արմավիր ՔԿՀ-ում տեղի է ունենալու գործի նյութերի ծանոթացում։ Չլինելով պատշաճ կարգով ծանուցված վարույթային մասնակիցներ՝ պաշտպանները հնարավորություն չեն ունեցել մասնակցել այդ գործողությանը։ Այն, այնուամենայնիվ, քննիչի կողմից իրականացվել է, և Ավետիք Չալաբյանը հարցրել է ՝ արդյո՞ք իր պաշտպանները ծանուցված են, քննիչը ստել է ՝ այո»։

Չալաբյանը քննիչին հայտնել է, որ պահանջում է իր պաշտպաններին, որովհետև խորհրդակցելու կարիք ունի։ Քննիչը, սակայն անտեսել է վերջինիս խնդրանք-պահանջը, ավարտել է վարույթային գործողությունը՝ գործի նյութերը չհանձնելով Չալաբյանին։

Չալաբյանն այսօր դատական նիստին հաստատեց՝ գործի նյութերն իրեն չեն տրվել՝ ավելացնելով երկուսուկես ամիս քաղաքական հետապնդման պատանդ է, և, որ այստեղ քրեական գործ չկա, սա ծխածածկույթ է․

«Կա վարչախմբի ղեկավար, անունն էլ նշենք՝ Նիկոլ Փաշինյան, ում ժամանակին դատել եք, հետո ՄԻԵԴ-ն իրեն արդարացրել է, դրանից հետո, այսպես ասած, իրավունքներ ունի դատավորների նկատմամբ։ Վարչախմբի ղեկավարը իրականացնում է իմ և ընտանիքիս նկատմամբ հետապնդում, բոլոր փաստերն աստիճանաբար, դատական պրոցեսների ընթացքում հերթով կբացահայտվեն»,-դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց Չալաբյանը։

Վերջինս ավելացրեց՝ այս ծխածածկույթի տակ իրավապահ համակարգում գործող կազմակերպված խումբն իրականացնում է գործողություններ՝ ամեն անգամ օրենքը կամայական մեկնաբանելով իրեն պահեն կալանքի տակ․

«Այս դատավճիռը երբևիցե օրինական ուժի մեջ չի մտնելու։ Բոլորը լավ հասկանում են՝ այստեղ չկա հանցակազմ, սա ֆաբրիկացիա է, որն արվել է ապօրինի ձայնագրությամբ՝ հազար տեղից իրար կպցրած, կառավարական կայքում հրապարակած՝ ընդ որում ապօրինի կայքում, որի սեփականատերը վարչապետի օգնականն է։ Դրա հիման վրա բացարձակ ապօրինի քրեական գործ է հարուցվել, որտեղ ամեն ինչը կախված է ընդամենը երկու վկաներից` շանտաժով ու իմ աչքի առաջ խոշտանգումով ստացած ցուցմունքներից»։

Դատավորն ընդհատեց Չալաբյանին ու ասաց, որ դատարանն այս ընթացքում անբարենպաստ վարույթային հետևանքներ չի արձանագրել և նման հանգամանքների առկայությունը պաշտպանական խմբի կարծիքն է՝ առաջարկելով անցնել ՄԻԵԴ 42-րդ կետով նախատեսված հարցի քննարկմանը։

«Դուք առաջարկում եք, որ մենք համակերպվենք ՄԻԵԴ 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման փաստի հետ։ Եթե չգիտեմ՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինը ինչ ապացույցներ է մտցրել, ինչպե՞ս հաջորդ հարցին անդրադառնամ։ Անհնար է, առանց գործի նյութերին ծանոթանալու, արդյունավետ պաշտպանություն իրականացնել,-արձագանքեց պաշտպան Հարությունյանը։

Փաստաբանը արձանագրեց՝ քանի որ շարունակվելու է նախատեսված հարցերի քննարկումը, ստացվում է բովանդակային առումով դատարանը պաշտպանությունից զրկում է Չալաբյանին․

«Դե յուրե կան պաշտպաններ, դե ֆակտո չկա պաշտպանւթյուն։ Պատճառը վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի խախտումն է։ Նմանօրինակ դատավարությունը շարունակելը ունի մեկ՝ շատ կոնկրետ նպատակ․ հարցը շուտափույթ կերպով լուծելը, որովհետև վաղը լրանում է Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի ժամկետը։ Հիմա չեն լինի ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե պաշտպանություն։ Մեզ այլ ելք չի մնում, քան այս անօրինական ընթացքը կասեցնել՝ մեր հեռանալով դատարանից»։

Փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը։ Դատավորը նրանց գործողությունները գնահատեց որպես անհաչգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։