Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 25-ամյա սպա, հետախույզ Գագիկ Պողոսյանի մայրը` Լիլիթ Վարդանյանը, որդու մասին պատմելիս, փորձում է ի մի բերել նրա կյանքի, գործունեություն բոլոր կարեւոր դրվագները:
Գագիկն ավարտել է Երեւանի Լեւոն Շանթի անվան դպրոցը, հետո` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 2016 թվականից ծառայել է Ջրականում` որպես հետախուզության վաշտի հրամանատար: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 25-ամյա Գագիկը եղել է գումարտակի հրամանատար:
Լիլիթն ասում է, որ զինվորականի մասնագիտությունն եղել է Գագիկի ընտրությունը: Հայրը` Դանիելը, նույնպես եղել է զինվորական, ինչն էլ իր դերն է խաղացել ընտրություն կատարելիս:
«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, մենք զանգերով ենք իմացել այդ մասին, քանի որ առավոտյան հեռուստացույց չենք միացնում: Չեմ էլ հիշում, թե առաջինն ով զանգեց` ի՞նքը, թե՞ մենք: Սկզբում Գագիկը մեզ հանգստացնում էր, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է: Հետո, երբ մարտերը թեժացան, հասկացանք, որ վիճակը ծանր է, հատկապես` Ջրականում: Մի անգամ քրոջ` Աստղիկի հետ էր խոսում, քույրն ասաց, որ մեզ մոտ եղանակն անձրեւային է, անձրեւ է գալիս, Գագիկն ասաց` մեզ մոտ երկաթե կարկուտ է գալիս: Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, մենք չենք պատկերացրել, որ հետեւանքները կարող են այսպիսին լինել: Մտածել ենք, որ ապրիլյան պատերազմի նման մի քանի օրում կավարտվի»,- ասում է Լիլիթը:
Զոհված հերոսի մայրը նշում է նաեւ, որ Գագիկը վիճակահանությամբ ընտրել էր Ջրականում ծառայությունը, եւ դա էլ իր ցանկությունն էր, քանի որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ այնտեղ իր ընկերներից զոհեր են եղել, այդ թվում նաեւ` Ադամ Սահակյանը:
Պատերազմի ընթացքում, մինչեւ հոկտեմբերի 13-ին ԱԹՍ-ից զոհվելը, Գագիկը կորցրել է շատ ընկերների:
«Ինքը հարվածը ստացել էր մեջքից, բավական երկար ժամանակ ողջ է մնացել, սակայն տվյալ տարածքում երկար ժամանակ չեն կարողացել իրեն բուժօգնություն ցույց տալ: Զոհվելուց հետո շատ ծնողներ շնորհակալություն էին հայտնում մեզ, քանի որ Գագիկն իրենց որդիներին էր փրկել: Ինքը որտեղ եղել է, դուրս է բերել նաեւ զոհվածների մարմինները: Մարտերը շատ թեժ են եղել, տղաները պահել են Ջրականը»,- հիշում է Լիլիթը:
Վերջին անգամ հարազատները Գագիկի հետ խոսել են զոհվելու օրը` առավոտյան: Առհասարակ, ըստ Լիլիթի, վերջին օրերին նա անհանգիստ է եղել եւ միայն ասել է` տղերքս գնում են, մա՛մ: Իսկ զոհերը շատ են եղել…
Գագիկի զոհվելուց հետո մոտ մեկ շաբաթ նրա հարազատները փնտրել են աճյունը, գտնելուց հետո հուղարկավորել են «Եռաբլուր » պանթեոնում:
«22 տարեկանում, որպես վաշտի հրամանատար, Գագիկը «Ադմիրալ Իսակով » մեդալ էր ստացել, երբ արձակուրդին եկավ տուն, մեդալը բերեց, մենք հարցրեցինք, թե ինչի համար է ստացել, ասաց` դե սխալվել են, տվել են: Զոհվելուց հետո իմացանք իր սխրանքների մասին, գեներալ էր գերեվարել »,- ասում է Լիլիթը: Հետմահու էլ արժանացել է բազմաթիվ պարգեւների:
Իսկ 2020թ. հոկտեմբերին պետք է տեղի ունենար Գագիկի նշանադրությունը…
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: