Արցախյան երկրորդ պատերազմում  զոհված  25-ամյա  սպա, հետախույզ  Գագիկ Պողոսյանի մայրը` Լիլիթ Վարդանյանը,  որդու մասին պատմելիս,  փորձում  է  ի մի բերել նրա կյանքի, գործունեություն բոլոր կարեւոր դրվագները:

Գագիկն ավարտել է  Երեւանի Լեւոն Շանթի անվան դպրոցը, հետո` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 2016 թվականից  ծառայել է  Ջրականում` որպես հետախուզության վաշտի հրամանատար: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ  25-ամյա Գագիկը  եղել է գումարտակի հրամանատար:

Լիլիթն ասում է, որ զինվորականի մասնագիտությունն  եղել է Գագիկի ընտրությունը: Հայրը` Դանիելը, նույնպես եղել է զինվորական, ինչն էլ իր դերն է խաղացել ընտրություն կատարելիս:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, մենք զանգերով ենք իմացել այդ մասին, քանի որ առավոտյան հեռուստացույց  չենք միացնում:  Չեմ էլ հիշում, թե առաջինն ով զանգեց` ի՞նքը, թե՞ մենք: Սկզբում Գագիկը մեզ հանգստացնում էր, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է: Հետո, երբ մարտերը թեժացան, հասկացանք, որ վիճակը  ծանր է, հատկապես` Ջրականում: Մի անգամ քրոջ` Աստղիկի  հետ էր խոսում, քույրն ասաց, որ մեզ մոտ եղանակն  անձրեւային է, անձրեւ է գալիս, Գագիկն ասաց` մեզ մոտ երկաթե կարկուտ է գալիս: Իսկ ինչ վերաբերում  է պատերազմին, մենք չենք պատկերացրել, որ հետեւանքները կարող են այսպիսին լինել: Մտածել ենք, որ ապրիլյան պատերազմի նման մի քանի օրում կավարտվի»,- ասում է Լիլիթը:

Զոհված հերոսի մայրը նշում է նաեւ, որ Գագիկը   վիճակահանությամբ  ընտրել էր Ջրականում ծառայությունը, եւ դա էլ իր ցանկությունն էր,  քանի որ  2016թ. ապրիլյան քառօրյա  պատերազմի ժամանակ այնտեղ իր  ընկերներից  զոհեր են եղել, այդ թվում նաեւ` Ադամ Սահակյանը:

Պատերազմի ընթացքում, մինչեւ հոկտեմբերի 13-ին  ԱԹՍ-ից  զոհվելը, Գագիկը կորցրել է շատ ընկերների:

«Ինքը հարվածը ստացել էր մեջքից, բավական երկար ժամանակ ողջ է մնացել, սակայն տվյալ տարածքում երկար ժամանակ չեն կարողացել  իրեն բուժօգնություն ցույց տալ: Զոհվելուց հետո շատ ծնողներ շնորհակալություն էին հայտնում մեզ, քանի որ Գագիկն  իրենց  որդիներին էր փրկել: Ինքը որտեղ եղել է, դուրս է բերել  նաեւ զոհվածների մարմինները: Մարտերը շատ թեժ են եղել, տղաները պահել են Ջրականը»,- հիշում է Լիլիթը:

Վերջին անգամ հարազատները Գագիկի հետ խոսել են զոհվելու օրը` առավոտյան: Առհասարակ, ըստ Լիլիթի, վերջին օրերին նա անհանգիստ է եղել եւ միայն ասել է` տղերքս գնում են, մա՛մ: Իսկ զոհերը շատ են եղել…

Գագիկի զոհվելուց հետո մոտ մեկ շաբաթ նրա հարազատները փնտրել են աճյունը, գտնելուց հետո հուղարկավորել են  «Եռաբլուր »  պանթեոնում:

«22  տարեկանում, որպես վաշտի հրամանատար, Գագիկը  «Ադմիրալ Իսակով »  մեդալ էր ստացել, երբ արձակուրդին եկավ տուն, մեդալը բերեց, մենք հարցրեցինք, թե ինչի համար է ստացել, ասաց` դե սխալվել են, տվել են: Զոհվելուց հետո իմացանք իր սխրանքների մասին, գեներալ էր գերեվարել  »,- ասում է Լիլիթը: Հետմահու էլ արժանացել է բազմաթիվ պարգեւների:

Իսկ 2020թ. հոկտեմբերին պետք է տեղի ունենար Գագիկի նշանադրությունը…

 

Թագուհի  Հակոբյան

 

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest