Երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

39

Երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, գործը շուտով կհասնի դատարան, մինչդեռ կողմերը դժգոհ են քննության ընթացքից ու արժանահավատ չեն համարում հուլիսի 22-ին Քննչական կոմիտեի հրապարակած մեղադրական եզրակացությունը։

Ըստ իրավապահների, 1 տարի առաջ Գորիսի զորամասերից մեկում դիրքի ավագը սեռական բնույթի գործողություններ է կատարել զինվորներից մեկի նկատմամբ, հետո հարկադրել նրան սպանել 3 ծառայակիցներին, ովքեր տեղեկացել էին դրա մասին։ Գործով մեղադրյալները երկուսն են՝ ժամկետային զինծառայողը, որ ըստ քննիչների, սպանել է երեք ծառայակիցներին, և դիրքի ավագը, որն ըստ մեղադրանքի, նրան դրդել է սպանության։

Մինչդեռ երկուսի փաստաբաններն էլ ասում են՝ բացի ժամկետային զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքից Քննչականը որևէ այլ ապացույց չունի, որ հենց նա է սպանել քնած երեք ծառայակիցներին։

Հուլիսի 23-ին Քննչական կոմիտեն իր կայքերից հեռացրել է այս գործի վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունը։