Ավետիք Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառները երկուսն են․ Մենուա Սողոմոնյան

41

Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորություններն ուզուրպացված են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Երեք փաստ ես կարող եմ նշել։ Առաջինը դա թե Քննչական կոմիտեի, թե դատախազության և թե դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարումն է։ Ավետիք Չալաբյանի գործի առնչությամբ Ազգային ժողովը, ավելի ճիշտ, մեկ խմբակցությունը մեկ մարդու նման Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում՝ հանուն նրա, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ։ Պետական իշխանություններից որպես անկախ մարմին հանդիսացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը, իշխանության թելադրանքով հալածանք է սկսել նաև Չալաբյանի եղբոր նկատմամբ՝ նպատակ ունենալով նրան հեռացնել աշխատանքից»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր արձանագրումն այն է, որ ապօրինությունների, սահմանադրականության խախտման այս միտումը խորանալու է այն պատճառով, որ ՀՀ գործընկեր կառույցներն իրենց վարքով ու դիրքորոշումներով խրախուսում են դա։ Խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։

«Այսպիսի հայտարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ, հալածանքներ իրականացնելու ճանապարհին։ Եվ երրորդ կարևոր արձանագրումը, որն ուզում եմ անել Համախմբում նախաձեռնության անունից, վերաբերում է Ավետիք Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառների մասին։ Քաղաքական պատճառները երկուսն են՝ առաջինը, Ավետիք Չալաբյանի անձը՝ որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդ։ Եվ երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի օրակարագը՝ որպես հակընդդեմ օրակարգ այն վտանգավոր, կործանարար ուղեգծին, որն իրականացվում է գործող իշխանությունների կողմից։

Ավետիք Չալաբյանին պատժելով՝ իշխանությունները փորձում են այսպիսի մարդկանց հեռու պահել քաղաքական դաշտից։ Քանի որ այսօր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ դրանք շատ դինամիկ են ու վտանգավոր, և այդ պայմաններում գործող իշխանությունները որդեգրել են անհասկանալի ու սին խաղաղության դարաշրջանը, Ավետիք Չալաբյանի օրակարգը հակադրվում է դրան»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։