Անհայտ ծագման և մոնտաժված ձայնագրությունը՝ Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմք

984

Վաղը կմեկնարկի Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունը։

Չալաբյանի կալանավորման հիմք է հանդիսացել մայիսի 9-ին MediaNews լրատվական կայքում հրապարակված ձայնագրությունը՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ՈՒԽ-ի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին» վերտառությամբ։

Ավելի ուշ Չալաբյանը կալանավայրից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կալանավորվել է շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ, և որի իրական նպատակն է իր նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելը․

«Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմնված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»։

2022թ․մայիսի 12-ին Քննչական կոմիտեն տարածել էր հայտարարություն, ըստ որի, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

Քրեական գործ հարուցելու հիմքում դրվել է «խայտառակ ձայնագրությունը՝ մոնտաժված»

Ձայնագրության մոնտաժված լինելու հանգամանքն ի սկզբանե վարույթ իրականացնող մարմնի՝ քննիչի դիրքորոշումն էր։ Պաշտպան Արթուր Հարությունյանի խոսքով՝ անզեն աչքով երևում է՝ երկու տարբեր տեղում և ժամանակում կատարված ձայնագրություններ են իրար միացված․

«Քրեական գործ հարուցելու հիմքում դրվել է խայտառակ ձայնագրությունը՝ մոնտաժված։ Մենք միջնորդեցինք, որպեսզի նշանակվի համապատասխան փորձաքննություն։ Միջնորդությունն այն եզակիներից էր, որ բավարարվեց, չանտեսվեց և նշանակվեց փորձաքննություն, և, քանի որ վարույթն իրականացնող մարմինը շատ էր շտապում, կայծակնային արագությամբ եզրակացություն է պատրաստվել՝ հստակ նշելով, որ մոնտաժված է, մի քանի կտորից է բաղկացած և այլն»,-Forights.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Փաստաբան Հարությունյանն ասում է՝ բոլոր չափանիշներով ձայնագրությունը ոչ մի պարագայում չի կարող պատշաճ ապացույց համարվել․ նախ դա գաղտնալսում է, հետո ՝ երկու ամիս տևած քննությամբ պարզվել է, որ զրույցի մասնակիցներից որևէ մեկը չի կատարել այդ ձայնագրությունը կամ հակառակը՝ չի հաստատվել, որ զրույցի մասնակիցներից որևէ մեկն է արել։

«Երբ առաջին անգամ հայտարարվեց նախաքննության ավարտի մասին, բազմաթիվ միջնորդությունների շարքում էր նաև ապացույցը անթույլատրելի ճանաչելու և ապացույցների շարքից հանելու վերաբերյալ միջնորդությունը։ Թոռնիկ Ալիյանը կուրծք է կոտրում, ասում է՝ ինձ ձայնագրել են, այս ամենն իմ դեմ է ուղղված։ Ավետիք Չալաբյանը չէր կարող անել այն պարզ հիմնավորմամբ, որ ձայնագրությունը բաղկացած է մեկից ավելի կտորներից, իսկ մի կտորում Չալաբյանն ընդհանրապես չկա»։

Ապացույցը թույլատրելի չէչկա աղբյուրը

Ապացույցի՝ ձեռքբերման ձայնագրության աղբյուրը հայտնի չէ, ավելին՝ պաշտպանական կողմն այդ ուղղությամբ ևս քննչական դատավարական գործողություններ կատարելու՝ MediaNews-ի վերաբերյալ հստակ միջնորդություն է ներկայացրել։ Եթե որպես աղբյուր հիմք է ընդունվելու MediaNews-ը, ապա վերջինս պետք է կողմ ընդգրկվի՝ հասկանալու՝ ով է արել ձայնագրությունը․ հենց կայքի աշխատակի՞ցը, թե՞ պատրաստի կայքին է հանձնվել, ի՞նչ վիճակով է եղել և այլն։ Շատ հարցերի պատասխաններ դեռևս պարզված չեն, ու այդ փաստի հիմքով այդ ապացույցը չի կարող պատշաճ համարվել։

MediaNews-ը որպես կողմ չի ներգրավվում։

«Մենք մեր ենթադրություն-համոզմունքն ունենք, թե ինչու MediaNews-ին չեն ընդգրկում այս պրոցեսների մեջ։ Ի սկզբանե բարձրաձայնվել է, որ այս ամենն իրավաբանության, արդարադատության, հանցագործությունների կանխարգելման և նման սկզբունքների հետ բացարձակապես կապ չունի և մեկ նպատակ է հետապնդում՝ Ավետիք Չալաբյանին մեկուսացնել հասարակությունից»,-համոզմունք հայտնեց Արթուր Հարությունյանը։

Հուլիսի 10-ին դատարանը Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրեց 15 օրով

«Նոր Քրեական դատավարության օրենսգրքում կա հետևյալ կանոնը․ եթե մեղադրյալը կալանքի մեջ է, ապա գործը կարող է դատարան ուղարկվել կալանքի ժամկետն ավարտվելուց 15 օր առաջ։ Քննչականն ու Դատախազությունն այդ ժամկետը չէին պահպանել։ Երբ դատախազը գործը հետ ուղարկեց՝ վերաորակելու, քննիչը նույն օրը մուտք արեց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն, որպեսզի այդ օրվանից ունենան առնվազն 15 օր ժամկետ ու կարողանան մինչև ամսի 12-ը գործն ավարտեն, մեղադրականն ուղարկեն դատարան։

Քննիչներն ու դատախազները իրենց գործողություններով կոպտորեն խախտել են օրենքը, որպեսզի հանկարծ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ 15 օրը չպահպանվի և Չալաբյանը 15 օր հետո հայտնվի ազատության մեջ»,-մեկնաբանեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Գործը հունիսի 12-ին ուղարկվել է դատարան, ինչպես փաստաբաներն էին ենթադրում, մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Դատավորը կալանքի համար ընտրել է մի հիմք, որն անգամ քննիչն է հերքել

«Դատավոր Ալեքսանյանի՝ Չալաբյանին կալանավորելու դատական ակտը ոտքից գլուխ ապօրինի է։ Կալանքի հիմքերին անդրադառնալիս նշել է, որ փախուստի և նոր արարք կատարելու ռիսկը նվազ է, բայց խոչընդոտելու ռիսկը առկա է․չի բացառվում՝ Չալաբյանը խոչընդոտի, օրինակ, վկաների հարցաքննությանը»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանների հիմնավորմամբ՝ Արուսյակ Ալեքսանյանն ընտրել է մի հիմք, որը քննիչն է անգամ հերքել։ Դատական նիստի ժամանակ քննիչը հստակ պատասխանել է՝ բոլոր քննչական գործողություններն արվել են, այլևս հարցաքննություններ, նոր ապացույցներ չեն հավաքագրվելու։

«Այս փաստի ուժով խոչընդոտման հիմքը իսպառ բացակայում է։ Դատավորն ավելի շատ կարող էր ասել նոր հանցանք կատարելու կամ քննությունից խուսափելու մասին, այսինքն այս առումով էլ դատարանն ընտրել է գոյություն չունեցողի գոյություն չունեցողը։ Ի՞նչ է նշանակում խոչընդոտել քննությանը, նույնիսկ այն քննությանը, որը նախաքննություն իրականացնող մարմինը հայտարարում է, որ ես այլևս չունեմ նախաքննություն»,-ասաց Արթուր Հարությունյանը։

Գործից մաս է անջատվել։ Ալիյանը՝ վկա-կասկածյալ

Ձայնագրության՝ Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի մասն անջատվել ու ուղարկվել է դատարան։ Այս կտորի մեջ Թոռնիկ Ալիյանը չկա։ Երկու ամիս վերջինիս տրվել է վկա-կասկածյալի կարգավիճակ:

Ալիյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ձայնագրությունը կա՛մ իր դեմ է ուղղված, կա՛մ այս ամենը խաղ է․

«Ես ձայնագրության հետ ընդհանրապես կապ չունեմ, ձայնագրությունը տեղադրելիս ես ամբողջովին կտեղադրեի, որը կփաստեր իմ անմեղությունը։ Իմ ֆեյսբուքյան էջից հանել են Ռուստամ Բաքոյանի, Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի և այլ՝ մի քանի իշխանական թևի ներկայացուցիչների հետ իմ լուսանկարներն ու ասում են՝ սա իշխանական խաղ է։ Եթե դա այդպես է, մինչև այդ առաջարկը իրենք այդ նկարները չէ՞ին տեսել։ Ինձ մոտ այդ հարցերն են առաջանում»,-ասաց Ալիյանն ու շարունակեց․

«Ես էլ չգիտեմ՝ ով է եղել ձայնագրողը, չեմ էլ կարողանում կասկածել։ Մի քանի ձայնագրություններ են, հանված են հատվածներ, որոնք պետք են, որտեղ սկսվում է գումարայինից։ Եթե լիներ շարունակությունը, կտեսնեիք, որ ամեն ձայնագրության վերջում ես բոլորին մերժում եմ։ Չալաբյանի հետ կես ժամ եմ խոսել, հիմա չգիտեմ՝ նա այդ աղջկա միջոցո՞վ է ինձ փոխանցել, թե՞ դրա հետ կապ չունի, ես չեմ կարող եզրակացություն տալ դրա համար»։

Երկու բարեգործական հիմադրամների հոգաբարձուների խորհրդի անդամը նաև չորս երեխաների հայր է

Ավետիք Չալաբյանը «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների հոգաբարձու է, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է։

Հասարակական-քաղաքական գործիչը «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության նախկին ավագ տնօրենն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

2015-2020 թթ․ ղեկավարել է «McKinsey & Company» ընկերության միջազգային մետալուրգիական պրակտիկան, ներկայումս հանդիսանում է Նիդեռլանդներում հիմնված Metinvest միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Նախկինում նաև աշխատել է ՀՀ Տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ:

Քնարիկ Վարդանյան