Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

43

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դատարանի որոշմամբ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՔԾ հաղորդագրության, 2020 թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից հետո Ա. Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել: «Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020 թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- նշված է հաղորդագրության մեջ: