«Դու ես եղել արթուն հերթափոխին, ուրեմն, դու ես սպանել». երեք դիակ ու սպանության ոչ մի պատճառ

3226

Գորիսից ոչ հեռու գտնվող Կոռնիձորի դիրքում 2021թ. օգոստոսի 19-ին տեղի ունեցած երեք զինծառայողների սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը ուղարկվել է դատախազություն։ Քննական կոմիտեն հուլիսի 22–ին հրապարակեց մեղադրական եզրակացությունը սույն գործով։

Հիշեցնենք՝ օգոսոտսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում սպանվեցին 19-ամյա Մուրադ Մուրադյանը, Լևոն Հարությունյանը և Գոռ Սահակյանը: Բոլոր տղաները հրազենային վիրավորումներ ունեին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից»:

Այն կցկտուր տեղեկություններից, որոնք հայտնի են դարձել հանրությանը նախաքննության փուլում, և նույնիսկ դրա ավարտից հետո տարածված պաշտոնական տվյալները բավական չեն հասկանալու համար, թե ինչ է կատարվել Կոռնիձորի դիրքում և ինչուեն սպանվել երեք զինծառայողները։ Պաշտոնական վարկածը անհավանական է։

Ըստ քննիչների նախնական վարկածի, դիրքում զինծառայող Ս-ի առաջարկով, սնունդ և ծխախոտ գնելու փող են հավաքել: Ա-ն  փող չի ունեցել և պարտք է արել Ս․–ից 10 հազար դրամ: Մի քանի օր անց Ս–ն հայտնել  է Ա-ին, որ իր պարտքը աճել է ու արդեն կազմում է 800.000 դրամ, որից հետո էլ նրան քնած գտնելուն պես բռնաբարել է՝ սեքսուալ բնույթի  բռնի գործողություններ կատարելով: Երեք զինծառայողները մտել են սենյակ ու ակամայից տեսել են, թե ինչ է կատարվում: Առաջիկա մի քանի օրը նրանք սկսել են ծաղրել Ա-ին: Ս-ն էլ պահանջել է վերջինից, որ սպանի այս երեքին, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունները պատկերող լուսանկարը կուղարկի նրա ծնողներին: Ա-ն տրվել է շանտաժի ու սպանել է ծառայակից ընկերներին:

Մեղադրանք է առաջադրվել երկու ժամկետային զինծառայողների։ Ա–ն մեղադրվում է երկու անձանց սպանության համար /քր․օր–ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/ և Ս–ն, որը դիրքի ավագն է, ըստ քննչական կոմիտեի տարածած տեղեկությունների, մեղադրվում է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ, և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/։ Երկուսն էլ կալանավորված են։

Մեղադրյալ Ս–ի փաստաբան Հրանտ Դավթյանը վստահեցնում է, որ քննչական կոմիտեն որևէ ապացույց չի ներկայացրել իր պաշտպանյալին, գործով չի ապացուցվում, որ Ս–ն դրդել է սպանության, իսկ սեռական բնույթի գործողությունների վերաբերյալ ՔԿ տարածած տեղեկությունը սուտ է։ «ՔԿ-ն կեղծ տեղեկություններ է տարածում, նախաքննության ընթացքում սեռական բնույթի գործողությունների մեղադրանքը չի ապացուցվել և հանվել է Մեկամիս առաջ մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և 139 հոդվածի 1 մասի 8 կետը հանվել է։ Ակնհայտ սուտ տեղեկատվություն են հայտնում», – ասում է փաստաբանը։

Նա նկատում է, որ այս դեպքում, եթե պաշտոնական վարկածից հանում ես սեքսուալ բռնի գործողությունների հանգամանքը, այն փլվում է։

Եւ իրոք, եթե սեքսուալ գործողություններ չեն կատարվել, ապա ինչո՞ւ են սպանվել տղաները։

«Անհասկանալի է։ Ի սկզբանե, հենց քննչական մարմինը բանսարկությամբ է զբաղվել, որպես հիմք են վերցրել մեկ անձի՝ Ա–ի ինքնախոստովանական ցուցմունքները և հենց առաջին օրվանից հրապարակել են դրանք։ Հետագայում պարզվել է, որ նման դրդապատճառներ չեն եղել, որևէ կերպ բռնաբարության փաստը չի հաստատվել, բայց միևնույն է, մեղադրանքում շարունակել են պնդել», – ասաց Հրանտ Դավթյանը։

Նա նաև հայտնեց սենսացիոն տեղեկություն։ Պարզվում է, նախաքննության ընթացքում Ա–ն, որին մեղադրում են երեք տղաներին սպանելու համար, հրաժարվել է իր նախնական ցուցմունքներից և հայտնել է, որ դրանք գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների ճնշման ներքո։  Նա հայտնել է, որ բռնաբարություն չի եղել, որ ոչ մեկի հետխնդիր չի ունեցել, սպանությունը ինքը չի կատարել, որ իրեն ստիպել են, որ իր վրա վերցնի այն։

«Մի քանի ամիս առաջ Ա–ն իր խցակիցների հետ զրուցել է, ասել է, որ ռազմական ոստիկաններըւդեպքից հետո իրեն եկել, տարել են, ենթարկել են ճնշումների, ասել են՝ դու ես եղել արթուն հերթափոխին, ուրեմն, դու ես սպանել, դու խոստովանի։ Քննիչ Գրիգորյանն է համոզել Ա–ին, որ նա գրի, թե ինքն է սպանել, ընդ որում դրդապատճառ չի նշել։ հետագայում, որ արդեն մեղադրանք են առաջարկում, Ա–ի ցուցմունքը ծաղցկացրել են, հորինելով գումարային պարտքի մասին պատմությունը։ Խցակիցները Ա–ի պատմածը տեսագրել են և տեսանյութը ներկայացրել են իմ պաշտպանյալի ծնողներին», – պատմում է Հրանտ Դավթյանը։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե, սակայն դեռ պատասխան չի ստացել։  «Կոմիտեն պետք է կամ քրեական գործ հարուցեր, կամ հարուցումը մերժեր, սակայն մի քանիօր առաջ տեղեկանում եմ, որ այն ոչ մի որոշում չի կայացրել, այլ մեր հաղորդումը ուղարկել է ՔԿ վերահսկողության բաժին», – ասում է Հրանտ Դավթյանը։

Մեր տեղեկություններով դեպքից կարճ ժամանակ առաջ կերուխում է եղել դիրքում և վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների և զորամասի հարակից բնակավայրերից եկած անհայտ անձանց միջեւ։ Նրանցից մեկը նույնիսկ սպառնացել է, թե՝ գալու ենք, սաղիդ սպանենք։ Սակայն այս ուղղությամբ քննություն չի տարվել, մարդիկ չեն հարցաքննվել։

Մեղադրյալ Ա–ի փաստաբան Գարիկ Գալիկյանը ևս պնդում է, որ չկա ոչմի ապացույց, որ իր պաշտպանյալն է կատարել սպանությունը։ ՔԿ միակ հիմքը նրա ինքնախոստովանական ցուցմունքն է, որը Ա–ն հետագայում փոխել է։ «Նա ասել է, որ իրեն նհորդորել են, որ ինքընման ցուցմունքներ տա, որ մեղքն իր վրա վերցնի, ասել են, որ եթե մեղքը քո վրա վերցնես, լավ կլինի։ Բռնաբարություն չի էլ եղել, այդ մասով մեղադրանք չկա», – ասում է Գալիկյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք իր պաշտպանյալը ենթարկվել է դատահոգեբանական փորձաքննության, արդյոք պարզել են, թե ինչհոգեվիճակում է եղել նա, երեք հոգու վրա կրակելով։ «Ոչ, չի եղել նման փորձաքննություն։ Մեր կողմից, նախկին փաստաբանի եղել է պահանջ Ա–ին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու, դատախազությունը մերժել է», – ասաց նա։

Մեղադրյալ Ա–ի հայրը այցելել էր Forrights.am-ի խմբագրություն և պնդում էր, որ իր որդին չի կատարել սպանությունը։ Նրանք տեսել են իրենց որդուն, և որդին ասել է հորը, որ ինքը չի սպանել։

Սյուզան Սիմոնյան