«Մենք բոլորս խաբվեցինք «Հաղթելու ենք»- ին»

1840

Ժամկետային զինծառայող Աշոտ Խոմով- Սարգսյանը տաղանդավոր դիպուկահար էր: Սեպտեմբերի 22-ին նա մասնակցել էր մրցման եւ հաղթել էր, ինչի համար նրան շնորհվել էր տասնօրյա արձակուրդ: Քովիդի պատճառով, սակայն, այդ արձակուրդը չեղարկվել էր: Եթե այն չեղարկվեր, պատերազմի մեկնարկին նա կլիներ տանը , ոչ թե առաջնագծում:

«Եթե նա այստեղ լիներ, արձակուրդում լիներ, ես թույլ չէի տա, որ գնա: Թող դասալիք լիներ, բայց ողջ կլիներ»,- ասում է Աշոտի մայրը` Լուսիկ Սարգսյանը: Նրա խոսքով, երբ պատերազմը նոր էր սկսվել, ինքը շատ հանգիստ էր, վստահ էր, որ որդու հետ որեւէ բան լինել չի կարող:

«Պատերազմի լուրը ես կարդացի առավոտյան: Նրա զանգելու ժամն էր, չզանգեց: Լուրը կարդացի` ցնցվեցի: Չորս օր չզանգեց: Խելագարվում էի արդեն: Մտածեցի` գնամ Արցախ: Հետո սկսեցին ասել` հաղթելու ենք, ու ես բոլորի պես հավատացի: Ես լուրերին խաբնվեցի: Հետո երբ զանգեց, ուրախությունից գոռացի, ընկա գետնին, Աշոտն ասեց` ինչ ես քեզ կորցրել: Շատ հանգիստ էր: Ասեցի` արի տուն, ասեց` ինչ ես ասում… ինձ ասեց` ես բունկեռում եմ… »,- պատմում է մայրը:

Ավելի ուշ նրան հայտնի է դարձել, որ Աշոտը պատերազմի ընթացքում լեյտենանտի կոչում է ստացել, քանի որ երկրորդ օրը ԱԹՍ է խոցել:

Աշոտ Խոմով- Սարգսյանը զոհվել է հոկտեմբերի 23- ին: Մոր խոսքով, դեպքից ընդամենը մեկ ժամ առաջ նրանից զանգ է հնչել. «Այդ օրը նա զանգել էր, որ ասեր` չեմ գալու: Չկարողացավ ինձ ասել: Ես էլ բանից անտեղյակ, ուրախացել էի, որ զանգել է… զգացի, որ բան է ուզում ասել, բայց չի կարողանում: Ասեցի` եթե ինձ չես կարողանում ասել, զանգի եղբորդ… զանգեց եղբարն ու ասեց` մամային լավ կնայեք, ես չեմ գալու… ձեւ չկա գալու»:

Աշոտի հետ տեղի ունեցածի մասին հայտնի է, որ նա եղել է Կարմիր շուկայում, որտեղ երեք հոգով զբաղվել են հենակետեր ստուգելով: «Հրամանատարն ասել է, որ պետք է ստուգեք, թեկուզ գիտեք, որ զոհվելու եք: Երկու հարյուր հոգի շրջափակման մեջ է եղել: Տղայիս դուպուկահարն է խփել: Երեք հոգուն խփել է, երկու հարյուր հոգին կարողացել են դուրս գան… ծնողներ կան, ինձ ասում են` Լուս, երանի քեզ, որ դեմքը բաց է քեզ հասել, մենք ոսկոռ ենք ստացել: Մենք մամաներով դրանով ենք սփոփվում, որ իմը բաց էր, քոնը փակ էր, քոնը կա, թե չկա…հասկանո ՞ ւմ եք: Միմյանց այսպես ենք մխիթարում: Սա է մեր կարգավիճակը, ինչ արած… »,- ասում է զոհված զինվորի մայրը:

Տիկին Լուսիկը ցույց է տալիս Աշոտի ակվարիումը եւ դրա մեջի ոսկի ձգնիկին. «Աշոտիս ոսկի ձկնիկն ա: Ամեն օր նրան խնդրում եմ, որ գոնե ինչ-որ հրաշքով տղայիս հետ բերի… Մենք բոլորս խաբվեցինք «Հաղթելու ենք»- ին»:

Անի Գևորգյան