Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 39-ամյա Էրիկ Եգանյանը փորձառու զինվորական էր, հետախույզ: Զինծառայությունն ավարտելուց հետո նա ավարտել էր թիկնապահների դպրոցը, իսկ հետո ծառայել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում, եղել է պայմանագրային զինծառայող: Էրիկը խաղաղապահ առաքելությամբ եղել է Կոսովոյում, Աֆղանստանում:
«Օրերս Էրիկ Եգանյանի սահմանած ռեկորդը գրանցվեց ՀՀ «Դյուցազնագրքում»` Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում: «Դյուցազնագրքում » ընդգրկվում են մտավոր եւ ֆիզիկական բացառիկ ունակություններով օժտված, ինքնատիպ ռեկորդներ սահմանած հայորդիները »,- գրված է «Հայ զինվոր » հանդեսում (3-9 հունիսի, 2020թ.): Իսկ արդեն նրա զոհվելուց հետո նույն հանդեսում` մեկ այլ հրապարակման մեջ, նշված է, որ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում` քսան րոպե քառասունհինգ վայրկյանում 15 սմ երկարության 559 մեխերը չորս մետր հեռավորությունից Էրիկը նետել էր նշանաթիրախին:
Մորաքրոջ` Սուսաննա Դավթյանի պատմելով, Էրիկը մասնակցել է նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, ահավոր ծանր է տարել զոհված տղաների կորուստը:
2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկ Եգանյանը ծառայել է Հադրութում: Զոհվել է հոկտեմբերի 21-ին:
Տիկին Սուսաննան պատմում է, որ Էրիկի հետ հեռախոսազրույցի ժամանակ երբեմն լսել է պայթյունի ձայներ: Ընկերների պատմություններից հայտնի է դարձել, որ Էրիկը տղաների հետ գիշերով անցել է գրավված տարածքներ, այնտեղից բերել մեր զինվորներին: Իսկ Էրիկի զոհվելուց առաջ տղաները նկատել են իրենց դեմը դուրս եկած համազգեստավորների, որոնք հայերեն են խոսել: Երբ նրանք մոտեցել են, Էրիկը զենքերից հասկացել է, որ նրանք ադրբեջանցիներ են, հրամանատարից առաջ է անցել, նրան հրել է, գցել բարձունքից ցած, որպեսզի նա փրկվի: Եվ այդ ժամանակ էլ Էրիկը զոհվել է:
Տիկին Սուսաննան հիշում է, որ Էրիկը շատ խիստ եւ բարի հայր է եղել, տղային տարել է հրաձգարան:
Էրիկը հուղարկավորված է «Եռաբլուր » պանթեոնում, հետմահու արժանացել բազմաթիվ շքանշանների ու պարգեւների:
«Հենց Էրիկի հուղարկավորության օրը քրոջս հարեւանը պատմում է, որ երկու զինվորական են իջնելիս եղել, Արցախից եկել էին, որ հուղարկավորության արարողությանը մասնակցեն, հետ գնան, մարտական հանձնարարություն կատարեն: Մեկը մյուսին հարցրել է, թե բա որ գնանք, Էրիկը մեզ հետ չէ, ո՞նց ենք հետ գալու, նա այդ հարցերում կողմնորոշվող էր, վտանգը զգացող »,- ասում է Սուսաննան:
Սուսաննան ասում է, որ երբ Էրիկի մայրը որդու նկարով կախազարդով նրա շիրմին այցելելիս է եղել, ավտոբուսի վարորդն անմիջապես ճանաչել է Էրիկին եւ հետաքրքրվել, թե այդ տղա՞ն էլ է զոհվել:
«Ընկերներից մեկը պատմում էր նաեւ, թե ինչպես հերթական հանձնարարություն կատարելու են գնացել, ասել է, որ մի սրբապատկեր ունի, որը մոռացել է վերցնել, Էրիկն ասել է` ես իմը կտամ քեզ: Իսկ դա նշանակում է, որ Էրիկը պատրաստ էր նաեւ կյանքը զոհաբերելու »,- ասաց Սուսաննան:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: