Հուլիսի 21-ին Գործադիրի հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2022-2026 թթ․դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն` ընդգծելով, որ այն նոր չէ, այլ շարունակությունն է 2019 թ․ դեռևս ընդունված ռազմավարության։

Նա ընդունեց, որ այս ոլորտում նախատեսված որոշ կարևոր բարեփոխումներ չեն իրագործվել՝ կապված համավարակի և պատերազմի հետ, սակայն երկար սպասելու կարիք չենք ունենա, քանի որ դրանցից շատերը գրեթե պատրաստ վիճակում են և առաջիկա ամիսներին հնարավոր կլինի իրագործել։

Արդարադատության նախարարը առանձնացրեց մի քանի բովանդակային խնդիրներ, որոնք ներկայացված են ռազմավարության մեջ։

Առաջինը դատական համակարգի բարեփոխումն է․ «Մենք նախատեսում ենք հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը։ Սա հենց այն  մատնանշած օրինակներից է, որտեղ համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է՝ թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով։ Մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ 3 ատյաններում»,- նշում է նախարարը։

Խոսելով դատական գործերի թվայնացման մասին՝ Անդրեասյանը հատուկ շեշտադրեց մի կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն․ «Սա վերաբերում է ոչ միայն դատարաններին, այլ նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը։ Այս ուղղությամբ օրինակ՝ դատախազության հետ աշխատանքներում արդեն մոտ ենք, որ քննիչների և դատախազների ողջ գործընթացները թվայնացվեն, և վարույթները միմյանց փոխանցվեն թվային եղանակներով»։

Նախարարը նշեց, որ չզեկուցվող հարցերից մեկով՝ 13-րդ հարցով, արդեն ացնկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել, եթե այս վերաբաշխումը տեղը ունենա․ «Շուրջ 348 միլիոն մենք այժմ տրամադրում ենք, որ քաղաքացիական դատավարությունը թվայնացվի»,- ասաց Կ․ Անդրեասյանը, ապա ավելացրեց, որ այս թվայնացման գործընթացը ռազմավարությունում կարևոր ուղղություն է, և նույնը լինելու է ոչ միայն քաղաքացիական, այլև վարչական և քրեական դատվարության դեպքում։

Ըստ նախարարի՝ մյուս կարևոր խնդիրներից է բարեվարքության ստուգումը։
«Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա։ Իմիջայլոց՝ նաև բարեվարքության ստուգում է նախատեսվում դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար։

Ռազմավարության մեջ են մտնում նաև բարձրագույն դատական խորհրդում կարգապահական որոշումների բողոքարկման  հնարավորությունը, հաշտարարության ոլորտում բարեփոխումները, վեճերի այլընտրանքային լուծման համակարգում փոփոխությունները, նաև փաստաբանական ոլորտի բարեփոխումները, որ մշակված օրեդնրական նախագիծ  է։

«Այդ իմաստով շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես  անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության նոր հնարավորություններ, ներդրվելու է «PRO BONO» համկարգը»,- նշում է նախարարը։

Բարեփոխումներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգի ոլորտում, որտեղ թե՛ թվայնացումն է հարցը, թե՛ ճիշտ մոտիվացիոն համակարգերը՝ նախատեսված հարկադիր կատարողների համար, նոտարիատի ոլորտում, որտեղ նոր ռազմավարությունով նախատեսվում է, որ քաղաքացիները այլևս կարիգ չեն ուեննա գնալ նոտարական գրասենյակներ և կկարողանան օնլայն տարբերակով ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները։

Նախարարը հատուկ ընդգծեց սնանկության ոլորտի բարեփախումները՝ ասելով, որ  ունենք խնդիրներ․ « Օրինակ՝ աճուրդները մեր հարկադիր կատարման ծառայությունում իրականցնում են թվային, իսկ սնանկության գործընթացներում դրանք թվայնացված չեն, ինչը կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում։  Մենք լուրջ օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսելու այս ռազմավարությամբ, որոնք կփոխեն ամբողջ սնանկացման գործընթացը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest