ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով ցուցանիշները տարեցտարի բարելավվում են, ընդլայնվում շահառուների շրջանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
«Անպտղության հաղթահարում. Պատերազմում զավակ կորցրած մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները» թեմայով ասուլիսը սկսվեց «Անպտղության հաղթահարման» ծրագրի 2022թ. առաջին կիսամյակի արդյունքներով:
Նունե Փաշայանը նշեց, որ 6 ամսվա ընթացքում ծնվել է 44 երեխա և միայն 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն: Եթե միայն նախորդ տարվա ընթացքում սպասարկվել են 917 շահառու, ապա այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում՝ 577:
«Ծրագրի բաղադրիչներն են անպտուղ զույգերի պատճառագիտության ախտորոշումը, որն իր մեջ կարող է ներառել նաև վիրահատական միջամտություններ, արհեստական սերմնավորումը, արտամարմնային բեղմնվորումը, և վերջապես, ներպատվաստումը արգանդի խոռոչում»,- ասաց Ն. Փաշայանը:
Պետական ֆինանսավորման ծառայությունների ծածկույթի մասին խոսելիս Փաշայանը նշում է, որ եթե անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերը իրականացվում են պետական պատվերի հաշվին:
Ըստ Նունե Փաշայանի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք՝ կին, թե ամուսին, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիության կրելուն.
«Մյուս խումբը սահմանամերձ բնակավարյերի բնակիչներն են, զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք, և 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները:
2022թ.-ին ավելացվեցին դատական կարգով անհայտ կորած ճանաչվածների և 44-օրյա պատերազմից հետո թշնամու հետ շփման գծում զոհված հերոսների ծնոնղերը»,- ասում է Ն. Փաշայանը:
Դիմելիության մեծ քանակ եղել է զոհված հերոսների ծնողների շրջանակում, և ցուցանիշը պարբերաբար ավելանում է:
Անդրադառնալով շահառուների այս սոցիալական խմբն՝ Նունե Փաշայանը ասաց, որ 4-oրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներում արդեն 20 երեխա ծնվել է: Միայն առաջին կիսամյակում գրանցվել է 31 նոր հղիություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: