Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստանում նախնական կալանքի՝ որպես խափանման միջոցի լայնորեն կիրառման և անազատության մեջ չերաշխավորվող առողջապահական իրավունքի խնդիրները։

«Կալանքի համատարած կիրառման և առողջապահական իրավունքի հասանելիության խնդիրներ» թեմայով քննարկմանը իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանն ասաց, որ փակ և կիսափակ հաստատություններում առողջության վերաբերյալ հարցերը մշտական, շարունակական համակարգային խնդիրներից են։ ՔԿՀ մուտք գործելուց հետո ռեսուրները բավարար չեն ժամանակին և պատշաճ բուժօգնություն տրամադրելու կամ եղած խնդիրները լուծելու համար, որոնք կարող են տանել անդառնալի հետևանքների։

«Մահվան դեպքերն ու առողջության վերաբերյալ լուրջ հարցերը տարեկան կտրվածքով մեզ մոտ շարունակական են։ 2018 թվականին արձանագրվել է 18 մահվան դեպք, 2019 թվականին՝ 21, 2020 թվականին կտրուկ նվազեցում է տեղի ունեցել, 5 է եղել մահվան դեպքերը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ այս նույն ժամանակահատվածում նաև ունեցել ենք ազատազրկված անձանց թվի կտրուկ իջեցում։ 2021 թվականին եղել է 13»։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս թվերի հետևում կա որոշակի պատկեր, կան խնդիրներ, որոնց ժամանակին միգուցե անդրադարձ չի էլ կատարվել.

«Ամենախնդրահարույց երևույթը կալանքի արատավոր պրակտիկան է, որը մշտապես կիրառվում է։ Կալանքի այդ հոդվածը բոլոր իշխանությունների ամենասիրելին է, որը միշտ հանգեցնում է շատ բացասական հետևանքների։ Կալանքը, շատ հաճախ, չի կիրառվում իր նպատակային նշանակությամբ, հակառակը՝ կիրառվում է որպես պատժիչ միջոց, ինչը որևէ կերպ արդարացում չի կարող ունենալ»։

Հարությունյանն ասում է՝ չկան հիմքեր, որոնք ցույց են տալիս կալանքի օրինական լինելը, և սա շղթա է կարծես. մի կողմից կա կալանքի անօրինական ինստիտուտ, մյուս կողմից՝ փակ հաստատություններում բժշկական սպասարկման վերաբերյալ խնդիրներ, պակաս ռեսուրսներ, որի արդյունքում շարունակաբար ունենալու ենք ոչ միայն մահվան դեպքեր, այլև առողջական շատ լուրջ հարցեր։

«Պրակտիկայի մասին, ոչ միայն մենք՝ որպես իրավապաշտպաններ ենք արձանագրում, այլև սրա մասին է խոսում դատական վիճակագրությունը։ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանին ներկայացված գործերի և արձանագրված խախտումների մասով կալանքի վերաբերյալ հարցերը երկրորդ տեղում են խախտումների քանակով. 22% և ավելի խախտումների թիվ ունենք ընդհանուր համագումարի մեջ, ինչը լավ պատկերի մասին չի խոսում, ցավոք։ ՄԻԵԴ-ի որոշումներից հետո էլ այստեղ պրակտիկան չի փոխվում, դատարանները մակերեսային որոշումներ են կայացնում»։

«ՔԿՀ բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նարիա Բաբայանն ասում է՝ բոլոր հիմնարկներում ՊՈԱԿ-ն ունի իր ստորաբաժանումները՝ որակյալ կադրերով հագեցած։ Բուժումն իրականացվում է պետության միջոցներով, եթե անձի կողմից ցանկություն չկա սեփական միջոցներով իրականացնել․

«Անազատության մեջ գտնվելով՝ մարդը կարող է մտածել, որ չի կարող օգտագործել իր այս իրավունքը, բայց նույն կերպ, ինչպես ազատության մեջ գտնվող անձինք են օգտվում իրենց առողջության երաշխիքից, այնպես անազատության մեջ գտնվող անձինք։ Նշանակում է՝ բոլոր ՔԿՀ-ներում գտնվող անձինք առաջին իսկ մուտքի ժամանակ գտնվում են բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում։ Եթե արձանագրվում է առողջական խնդիր, բժիշկները հետևողականորեն վեր են հանում՝ անհրաժեշտ բուժծառայությունների միջոցով»։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչն այլ կարծիք ունի. ազատազրկված անձանց հիմնական մասը պահվում է Արմավիր ՔԿՀ-ում, և բժշկական անձնակազմում հաստիքներն անբավարար են։ Մյուս խնդիրը տեխնիկական ապահովվածությունն է։ Անձը, ով ունի բուժման անհրաժեշտություն և հնարավորություն, կարողէ ԲԿ տեղափոխման դիմում ներկայացնել, որը կհասնի, օրինակ, մեկ ամսից։ Հերթագրումը, անձանց տեղափոխումը դժվարություններ են և դեռևս լուծված չեն։

«ՔԿՀ ընդունվելիս ազատությունից զրկված անձն անցնում է բժշկական զննություն։ Մեր գնահատմամբ՝ պատշաճ բժշկական զննություն չեն անցնում, որովհետև անձի վերաբերյալ իրականացվում է երկու հիմնական հետազոտություն. Հեպատիտ C և ՄԻԱՎ (ՁԻԱՀ): Միայն այս հետազոտությունների արդյունքում դժվար է գնահատել անձի առողջական վիճակը և նրա վերաբերյալ առողջության հետագա պահպանման իրավունքն ապահովել»։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest