ՊՆ սիրիահայերին վարժական հավաքների տանելու ծանուցումներ է ուղարկել․ նրանք ահազանգում են առաջացած խնդիրների մասին

1445

ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի։ Վարժական հավաքներում կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Հավաքներին կներգրավի նաև 134 միավոր տրանսպորտային միջոց։

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից հետո, որն ԱԺ-ն ընդունել է հուլիսի 7-ին, այսուհետ զորավարժություններին մասնակցելու են նաև սփյուռքահայերը, որոնք ունեն երկքաղաքացիություն։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ին են դիմել սիրիահայեր, որոնց արդեն ծանուցում են ուղարկել 90-օրյա զորահավաքներին մասնակցելու համար։ Սա նրանց համար սոցալական խնդիրներ է ստեղծել։

Նրանք անանուն մնալու պայմանով, քանի որ մտավախություն ունեն իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվել,  նշում են, որ պետությունը այպիսով իրեն համար ֆինանսական խնդիրներ է ստեղծում։

«Ես այստեղ ունեմ փոքր բիզնես, բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում, գործատու եմ, աշխատավարձ  եմ վճարում, վարչական աշխատանք եմ կատարում՝ հարկ եմ վճարում,  բացի այդ ներկայացրել  եմ փաստաթղթեր, որ նաև վարկ ունեմ և չեմ կարող այդ ամենը թողնել և 3 ամիս գնալ զորավարժություններին։ Այդ ամենը ներկայացնելուց եմ ծանուցումն ուղարկած զինկոմիսարիատին։ Նրանք ասացին, որ դա իրենց չի հետաքրքրում, և, որ ըստ նոր օրենքի արդեն ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր ոք պետք է մասնակցի զորահավարժություններին»,- ասաց մեզ դիմած սիրիահայերից մեկը։

Պետությունը երեք ամսով վարժական հավաքների տանելու դիմաց երաշխավորում է, որ վարձու աշխատողը չկորցինի աշխատանքը, իսկ յուրաքանչյուր ամսվա համար վճարում է 200 հազար ՀՀ դրամ։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են՝ դեմ չեն պաշտպանել հայրենիքը, սակայն, բազմամիլիոնանոց պարգևավճարների համակարգ ներդրած իշխանություններից համապատասխան աջակցություն են ակնկալում։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի դեպքում պետության անվտանգության ապահովման համար լինեն պիտանի։ «ՀՀ բոլոր քաղաքացիները Սահմանադրության համաձայն պարտավոր են հայրենիքը պաշտպանել, իսկ դրա համար պետք է գիտելք ունենան»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ սա չի նշանակում, թե պետությունը պետք է նրանց վարժանքների տանի առանց համապատասխան սոցալական երաշխիքների։

«Ոչ միայն սիրիահայերը, այլ նաև Հայաստանում ծնված մարդիկ, փոքր բիզնեսի ներկայացուցիչները առնչվում են նման խնդիրների հետ։ Հասկանալի է, որ մարդը, երբ թողնում է իր աշխատանքը և ներգրավում է զորավարություններին առաջանում է ֆինանսական խնդիրներ։

Գործատուների դեպքում, եթե կան խնդիրներ, ապա պետք է այդ մասին բարձրաձայնվի։ Եթե գործատուներին ներգրավում են, ապա ինչպե՞ս են հատուցվում, օրենքը պետք է դա կարգավորի, այդ մասին պետք է խոսել։ Եթե մարդիկ բարձրաձայնում են, ապա կա խնդիր։ Սա նշանակում է, որ օրենքում խնդիրներ կան։ Գործատու համարվող անձանց հարցերը պետք է էֆեկտիվ ձևով կարգավորվի։ Սա պետության խնդիրն է։ հավասարության նշան դնել ԱՁ-ի, գործատու և վարձու աշխատողի միջև, իհարկե անհնար է,- ասաց նա»։

Նարեկ Կիրակոսյան