Հարությունյանների ընտանիքը Հադրութի Ուխտաձոր գյուղից է: 44-օրյա պատերազմից հետո գյուղը նրանց համար այլեւս անհասանելի է, իսկ ընտանիքի ավագ որդին` Հարությունը այլեւս նրանց հետ չէ: Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 15-ին:

Հարություն Հարությունյանը ութ ամիս որոնվել է, որպես անհետ կորած, նրա մասին որեւէ տեղեկություն չի եղել, սակայն ի վերջո հայտնաբերվել են մասունքները: Զինվորին ճանաչել է հարազատ եղբայրը` Հովիկը, ով մինչ այդ պատերազմում զոհվածների բազմաթիվ մասունքների մեջ եղբորն է փնտրել: «Ես եղբորս ճանաչեցի ատամով եւ թեւի վրա հին կոտրվածքի հետքով: Շատերը ասում էին, որ գուցե ինքը չի, բայց ես գիտեի, որ վերջերս նրա մի ատամը ընկել էր ու երբ դա նայեցի, հասկացա` իմ եղբայրն է»,- պատմում է Հովիկը:

Մայրը` Վերա Հարությունյանը այժմ չի պատկերացնում, թե ինչպես էր դիմանում պատերազմի օրերին, քանի որ իր ընտանիքի երեք տղամարդն էլ առաջնագծում էին.

«Երկու տղաս էլ, ամուսինս էլ պատերազմի մեջ էին: Ես շատ մնացի գյուղում, երբ Հարությունս զանգեց, իմացավ, բարկացավ, ասեց` մամ, ինչի՞ մինչեւ հիմա չես գնացել, ասեցի` դուք էստեղ եք, ես ո՞նց գնամ… իր հետ խոսալուց հետո որոշեցի դուրս գալ գյուղից… հետո պարզվեց, որ ընդմիշտ»:

Ծառայակիցները պատմել են, որ Հարությունը զոհվել է վիրավոր զինվորի օգնության շտապելիս.«Հինգ հոգով են եղել, բայց ոչ այդ հինգն են դուրս եկել, ոչ վիրավորին են կարողացել օգնել: Ասում են` ԱԹՍ-ն է անսպասելի հարվածել»,- ասում է մայրը:

Հովիկը, ով եւս մասնակցել է պատերազմին, ժամկետային զինծառայող էր: Պատերազմական գործողություններից մեկի ժամանակ նա  ծնկի շրջանում բեկորային վիրավորում է ստացել, տեղափոխվել է հոսպիտալ, սակայն կարճ ժամանակ անց  այնտեղից փախչել է եւ վերադարձել դիրքեր: «Գիտեմ, որ հետ գնալով ճիշտեմ արել, բայց դրա պատճառով ինձ այդպես էլ թուղթ չտվեցին իմ վիրավոր լինելու մասին»,- պատմում է Հովիկը:

Ի պատասխան մեր հարցին`  շա՞տ ընկեր ես կորցրել պատերազմում, նա պատասխանեց. «80 տոկոսը: Ես էլ ընկեր չունեմ: Ոչ եղբայր ունեմ, ոչ ընկեր»:

Հարությունյանների ընտանիքն այժմ  բնակություն է հաստատել Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղում, սակայն ասում են` մինչ օրս չեն կարողանում ընդունել, որ իրենց հետ տեղի ունեցածը իրականություն էր ու երազ չէր:

Անի Գևորգյան

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest