44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Էլոյանի մայրը՝ Հասմիկ Վարդանյանը, ահազանգում է որդուն 2020 թվականի հոկտեմբերին բաց վերքով պատերազմի դաշտ տանելու մասին։
Հենրիկը ժամկետային զինծառայող է եղել։ Ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Մոր խոսքով՝ հոկտեմբերի 7-ին տղան վիրավորվել է։ Նրան նախ տեղափոխել են Արցախի, ապա Խնձորեսկում ժամանակավոր բացված հոսպիտալ, իսկ ավելի ուշ՝ Սիսիանի հոսպիտալ։
Համեստ Վարդանյանը նշում է, որ որդին ողնաշարի 8-րդ ողի մոտ բեկորային վիրավորում է ստացել, վիրահատության անհրաժեշտություն է եղել, քանի որ բերկորներից մեկը դեռ մարմնում է եղել։ Մայրը որդուն հանդիպում է Խնձորեսկում, որտեղ, իր իսկ խոսքերով, հայտնում են, որ որդին պետք է տեղափոխվի Սիսիանի հոսպիտալ։ Մինչ վիրահատությունը Հենրիկ Էլոյանին 7 օրվա մայրական խնամքի են ուղարկում։
Հոկտեմբերի 24-ին, մոր խոսքով, ավարտվել է որդու արձակուրդը, նա կրկին վերադարձել է Սիսան, որպեսզի պատրաստեն Երևան տեղափոխելու փաստաթղթերը՝ վիրահատության նպատակով։
«Այնտեղ բժշկի հետ վեճի է բռնվում, բայց մինչ այդ տանն էլ էր ասում՝ ես գնալու եմ, իմ ընկերներն այնտեղ են։ Բաց վերքով ուղարկել են պոստեր․․․ամսի 26-ի առավոտյան թուղթը տալիս են ձեռքը, որ տանեն պոստեր։ Վեճի պատճառը ծխելն է եղել, բժիշկն ասել է՝ քո պատասխանելու համար դիրքեր կուղարկեմ, տղաս էլ ասել է՝ ուղարկեք, որտեղ ընկերներս, այնտեղ՝ ես»,- պատմում է մայրը և նշում, որ այդպես էլ որդին չի վիրահատվել։
Հենրիկ Էլոյանին, ըստ մոր, հոկտեմբերի 27-ին տարել են Շուշի, իսկ 28-ին էլ՝ Կարմիր Շուկա, որտեղ էլ կեսօրին զոհվել է։ «Զենքով բարձված կամազի կողքը կանգնած է եղել, ԱԹՍ-ն հարվածել է կամազին, «վալնան» իրեն խփել է հողի թմբին՝ տեղում մահացել է»։
Հենրիկի զոհվելուց երկու տարի անց մայրը պնդում է, որ որդուն զոհվելուց հետո են միայն Սիսիանի հոսպիտալից դուրս գրել։
«Որդուս զոհվելուց 4-5 օր հետ ես գնացի Սիսիան, պահանջեցի իմ երեխայի փաստաթղթերը, իրենք չտվեցին, իսկ հետո հետին թվով դուրս գրեցին հիվանդանոցից։ Մինչև նոյեմբերի 20-ը մենք զանգում էինք պաշտպանության նախարարություն, հարցնում էինք երեխու մասին տվյալներ, իրենք ասում էին՝ Սիսիանի հոսպիտալում բուժվում է, բայց իմ տղան հոկետմբերի 28-ին զոհվել էր»,- ասում է մայրը։
ԱԹՍ-ների հրետանակոծությունից հետո Հենրիկի և մյուս զոհերի մարմինները ծառայակիցները փորձել են տեղափոխել։ Համեստ Վարդանյանը պատմեց, որ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում ԱԹՍ-ն արդեն երկրորդ անգամ է հարվածում․ «Հենրիկի դին լրիվ անճանաչելի է դառնում»։
Մայրը որդու մարմինը գտել է զոհվելուց 68 օր անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։
«Հերացու մորգից եմ գտել․․․ինձ ասում էին՝ տեսնելու ոչինչ չկա, լրիվ վառված են։ Փնտրել եմ Մարտունու, Սևանի, Հերացու մորգերում։ Աշխատաողները ինձանից հոգնել էին, ամեն օր գնում էի։ Նոր տարվա օրը իմ էրեխու վառված մարմինը գտա»։
Համեստ Վարդանյանը դժգոհ է որդու հրամանատարի վերաբերմունքից։ «Իմ երեխան զոհված էր, ես զանգում իրեն խնդրում էի՝ ցուցակն ուղարկի, որ իմ երեխան զոհված է, ես նախարարությանը խնդրեմ, կոկորդները կրծեմ, ասեմ՝ իմ երեխային հանեք, ինքը պատասխանեց՝ դե կտանք ցուցակները, բայց այդպես էլ չտվեց։ Մի անգամ էլ զանգեցի մարտական ուղին ուզեցի, ասաց՝ «դոգմա՞ է», որ մարտական ուղին լինի»։
Էլոյաններին այս 1,5 տարվա ընթացքում իշխանության որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ չի այցելել։ Միայն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է որդու ծնդդյան օրը շնորհավորել և իրեն Մարտի 8-ի առթիվ։
Հենրիկն Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: