«Քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության վարկածով, սակայն ձերբակալում լինելու է»․ՔԿ խոսնակ

56

Հուլիսի 14-ին զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զինծառայողը մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության վարկածով, բայց, ամենայն հավանականությամբ, ձերբակալում լինելու է,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակը։

19-ամյա զինծառայողը արդեն մեկ տարուց ավելի է՝ ծառայում էր Սիսիանում։

NEWS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր կացության մեջ։ Վերջինս ուներ երկու քույր և մեկ եղբայր։

«Ապրում են մեկսենյականոց բնակարանում, որի վիճակը սարսափելի է։ Մայրը մոտակա խանութում աշխատում է որպես հավաքարար, հայրն էլ մանր աշխատանքներ է կատարում, այս պահին Ռուսաստանում է։ Ինքը շատ հանգիստ, խելոք տղա էր։ Մեզ մոտ ասում են՝ կռիվ է եղել զինվորների միջև, կրակել են, բայց հստակ ոչինչ չգիտենք»։