Պատերազմում զոհված Արցախը

2070

Արցախ Հովհաննիսյանը նախկինում ոստիկանության զորքերի ծառայող էր, սակայն մի քանի տարի առաջ ծառայությունը թողել էր, ամուսնացել էր, կնոջ հետ սպասում էին իրենց ապագա երեխային: Նա զոհվել է 2020ի հոկտեմբերի 19-ին, դուստրն այժմ  1 տարեկան եւ 4 ամսական է:

Զոհված կամավորի մայրը` Սուսաննա Հովհաննիսյանը ասում է, որ մինչ օրս իրեն մեղավոր է զգում, քանի որ պատերազմի մասին լուրը ինքն է հայտնել որդուն.

«Ես մեղավոր եմ, որ պատերազմը սկսելու լուրը ես եմ տարածել: Ասեցի` Արցախ ջան, պատերազմ ա սկսվել, ասեց` մամ ջան, հեսա կգնանք թուրքերի կքշենք: Ամուսինս առաջին պատերազմին մասնակցել էր ու երբ որդիս ծնվեց, ծննդականը բերեց, տեսնեմ անունը գրված է Արցախ, հարցրի, լավ չհասկացա, ասեց` ես պատերազմում ողջ եմ մնացել ու որդի եմ ունեցել, նա մեր Արցախն է… Տեգորս տղայի գյուղապետարանի աշխատակիցը ծանուցագիր բերեց, Արցախն էլ ելավ, թե բա ես էլ եմ գալու: Այդ մարդն ասեց` տղա ջան, քեզ ծանուցագիր չենք բերել»:

Այնուամենայնիվ Արցախ Հովհաննիսյանը կամավորականների ավտոբուսով ճանապարհ է ընկել: Հարազատներին նա ասել է, թե գնում է Վայք`  ժամկետային ծառայության ընթացքում ձեռք բերած զինվորական հմտությունները վերհիշելու: «Հետո իմացաք, որ ինքը Ջաբրայիլում է: Մեր հարեւանի տղայից իմացանք, ով նույնպես այնտեղ էր: Ես շատ էի վախենում, ամեն առավոտ սպասում էի զանգին: Ամեն զանգելուց ասում էր` մամ ջան, ձեզ լավ նայեք, այստեղ կռիվ չկա, մի վախեցիր, շուտով տուն ենք գալու»,- պատմում է մայրը:

Մի քանի օր անց առաջնագիծ է մեկնել նաեւ Սուսաննայի ամուսինը` Սպարտակը: Ավելի ուշ ծանուցագիր է ստացել նաեւ ավագ որդին, սակայն մինչ նրա մեկնելը հայտնի է դարձել Արցախի հետ տեղի ունեցածի լուրը:

«Արդեն զինկոմիսարիատում իմացել էին, ասել էին` եղբայրը զոհվել է, հայրն էլ դիրքերում է, նրան ո՞ւր եք տանում»,- հիշում է մայրը:

Նա պատմում է, որ դեպքի օրը որդին զանգահարել է իրեն եւ ասել, որ տուն է գալիս.«Զանգեց, ասեց` էսօր տուն եմ գալիս, մեզ փոխարնինող է եկել, դիրքերից իջնում ենք: Ուրախացել եմ, փաթաթվել եմ մեծ տղայիս, ասում եմ` Արցախս տուն ա գալիս…Բայց տուն չհասավ…  Պարզվեց, որ նրանք մի քանի օր շրջափակման մեջ են եղել, երբ շրջափակումից դուրս են եկել, նրանց թույլ են տվել տուն գալ, բայց այդ ժամանակ էլ դիվերսիա է եղել: Տղաների կեսը վիրավովել են, տղես էլ վիրավորվել է` ոտքը կտրվել է… Ասում են, որ Արցախս ողջ մնացածներին ասել է` մեզ թողեք, գնացեք օգնություն բերեք, բայց երկու օր օգնություն չի եղել»:

 

Անի Գևորգյան