Սարի թաղի բնակիչ, 50 տարեկան Արմեն Մնացականյանը մոտ  60 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո, հունիսի 28-ին  մահացել է «Արմենիա»  բժշկական կենտրոնում: Մահվան վկայականում  բժիշկները գրել են՝ «երկրկողմանի թոքաբորբ»:

Մնացի՝ իր հարազատ Սարի թաղում նրան այդպես էին անվանում, երկարատև հացադուլի ու մահվան մասին հանրությունը իմացավ միայն նրա մահից հետո: Հայտնի դարձավ, որ դատապարտյալը հացադուլ է հայտարարել ազատազրկման առաջին իսկ օրից ՝ ապրիլի 7-ից, երբ բերվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, այդ կերպ պայքարելով դատավճռի դեմ՝ երեք տարվա ազատազրկում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար /Քր.օր, 112 հո/:

Հիշեցնենք, 2 տարի առաջ, Նոր տարվա գիշերը Մնացականյանին մոտեցել է մի հարբած տղամարդ, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, հայհոյել է, որից հետո  Արմեն ՄՆացականյանը ձեռքով հարվածել է հայհոյանք հնչեցնող տղամարդու դեմքին, ապա եղունգ կտրիչ փոքրիկ դանակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին: Տուժողը դատարանում խոստովանել է, որ հարբած է եղել և չի հիշում դեպքի  մանրամասները: Առաջին ատյանի դատարանը Մնացականյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն, քանի  որ առկա է եղել տուժողի հակաօրինական վարքագիծը, պատիժը պայմանականորեն չի կիրառել: Մեղադրող դատախազ Վ. Հարությունյանի վերաքննիչ բողոքից հետո պատիժը փոխվել է, Մնացականյանին ազատազրկել են երեք տարով:

Մնացականյանին ազատազրկել են անսպասելի, վերաքննիչ դատարանի որոշում ուժի մեջ մտնելու օրը: 30 ոստիկան տուն են եկել և առանց որևէ բացատրություն  ներկայացնելու տարել են նրան «Արմավիր» ՔԿՀ: Որևէ փաստաթուղթ ազատազրկումը հիմնավորող ոստիկանները չեն  ներկայացրել: Եթե այդ պահին որևէ իրավական օգնություն ցուցաբերվեր դատապարտյալին, պատշաճ պարզաբանվեր, թե ինչ է կատարվել, ողբերգությունը գուցե և կանխվեր:

Մնացականյանի կինը՝ Վարդուհի Ալեքյանը երկար ժամանակ չի կարողացել խոսել ամուսնու մահվան հանգամանքների շուրջ: Վերջապես որոշել է այցելեց Forrights.am -ի խմբագրություն: Նա սաղմրկեցուցիչ մանրամասներ հաղորեց այն  մասին, թե ինչպես է հացադուլավորը պետական ատյանների, բժիշկների թողտվությամբ աստիճանաբար մահանում, ու անգամ հացադուլից դուրս գալուց հետո նրան չեն ցանկանում օգնել, փաստացի դատապարտելով մահվան:

«Որքան զանգում էի քրեակատարողական հիմնարկ, մինչև մահ, մինչև նրա դիակը ձեռքս տալը  ինձ ասում էին՝ ամեն ինչ լավ է, ճնշումը նորմալ է՝ 120/80», — վերհիշում է Վարդուհին:

Նրա բողոքների արդյունքում Արմեն Մնացականյանին այցելել են հոգեբանները, ՄԻՊ աշխատակիցները, սակայն Մնացականյանը պահանջում էր, որ իրեն դատախազ այցելի: Ոչ դատախազ, ոչ փաստաբան նրա մոտ չի գնացել:

Ապրիլի 15-ից 24-ը դատապարտյալը ջրադուլ է հայտարարել: ՙԱրմավիր՚ ՔԿՀ -ում փակել են ջրի ծորակը: Պարզվում է, հացադուլավորների խցերի ծորակները փակելը ՔԿՀ-ներում նորմ է: Այս կերպ, հավանաբար, «պատժում» են հացադուլավորներին:

«Ապրիլի  24-ին, Եղեռնի օրը ամուսինս դուրս եկավ ջրադուլից, սակայն ծորակը չէին միացնում: Ջուր չկար: Ստիպված գնացել եմ քրեակատարողական ծառայություն, բողոք եմ գրել, որ ծորակը չեն բացում: Իրար զանգեցին, հետո ինձ խաբեցին, թե վայ, ո՞վ է փակել ծորակները: Բայց փաստ՝ որ ամուսինս դուրս եկավ ջրադուլիս ու նրան ջուր չէին տալիս: Ինձ ասում էին՝ ջուր առ, բեր «Արմավիր»: Ես պահանջեցի, որ իրենք ՝ պետը, կամ որևէ մեկը ջուր գնեն ու տանեն ամուսնուս: «Արմավիրում» բոլորը ջուր են առնում,  տանում կալանավորին», — ասում է Վարդուհին ու զարմանում՝ լրագրող եք, մինչ օրս չգիտեք, որ «Արմավիրի» կալանավորի հանար ջուրը դրսից են տանում:

Մայիսի 2-ին մոտ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Մնացականյանին, հյուծված, նիհարած, որոշում են տեղափոխել «Սևան» ՔԿՀ: Նրա կինը կրկին դիմում է ՔԿԾ, պահանջելով, որ Արմենին մինչև հացադուլի ավարտը թողնեն «Արմավիրում», քանի որ կլիմայի կտրուկ փոփոխությունը վնասակար է թուլացած օրգանիզմի համար: Բայց կնոջը չեն լսում: «Սևան» ՔԿՀ ճանապարհին հացադուլավորը  ուշագնաց է լինում:

«Սևանում» հացադուլավորը սկսում է արյուն փսխել: «Ոտքս դրել եմ գազին ու պնդել եմ, որ Արմենին տանեն դատապարտյալների հիվանդանոց: այնտեղից տարան «Էրեբունի» ԲԿ: Ամուսինս փսխում էր, նռռում էր ցավից, բայց նույնիսկ փսխածը չէին մաքրում: 22 թիվն ենք, հակասանիտարական վիճակ էր: Մի կերպ համոզել եմ, որ շաքարը ստուգեն, սիստեմա միացնեն: Բշտելով, մի կերպ միացրեցին: Մի աղջիկ եկավ, ասեց՝ մոտը ինֆարկտ կա: Կարդիոգրամա արեցին, ասեցին, որ ինֆարկտ է տարել, ասեցին՝ լավ է, տարան ՙԴատապարտյալների հիվանդանոց», — պատմում է Վարդուհին:

Մի քանի օրից Արմեն ՄՆացականյանին երկրորդ անգամ են «Էրեբունի» տանում:  Արդեն հացադուլից 40 օրն անցել էր: «Փառք Աստծո, դուրս եկավ հացադուլից, գրեց, որ համաձայն է գլյուկոզա, վիտամիններ ստանա, կարծելով, թե իրեն պետք է թողնեն այնտեղ, բուժեն: Բայց խաբելով թուղթ ստորագրել տվեցին, որ բուժօգնությունից հրաժարվում է ու նորից տարան ՑԲ»:

Դրանից հետո Վարդուհին չի կարողացել ամուսնու հետ կապ հաստատել: Հեռախոսով նա կնոջը երկու բառ է  կարողացել ասել՝ «Շատ վատ եմ, սրանք մարդակերներ են»: Հունիսի 7-ին ՄՆացին տեղափոխում են հանրապետական հիվանդանոց:

«96 կիլոյից դարձել էր 39 կիլո 600 գրամ: Մարդը արդեն դուրս էր եկել հացադուլից, ասում էր՝ ուտել եմ ուզում, բայց վերականգնողական բուժում չէին անում:  Պահանջում էին, որ ինչ-որ թղթեր ստորագրի, նա էլ արդեն այնքան թույլ էր, որ ի վիճակի չէր ձեռքը բարձրացնել: Արդեն ամսի 8-ն էր, հունիսի: Անգամ շորը ես իրավունք չունեմ փոխել, պետք է տանեմ շորը ՑԲ, կեղտոտ շորն էլ տանեմ, մայկան ու ներքնաշորը պլոմբեն, որ որ թույլ տան, որ փոխեմ: Մի պահ տեսա, որ կանվոյները չեն թողնում սիստեմա միացնեն, մտել են, Արմենին ստիպում են, որ ինչ-որ բան գրի, նա էլ ասում ա՝ չեմ անի: Բժիշկը եկավ, կանվոյների թեևից բռնեց, դուրս շպրտեց», — պատմում է Վարդուհին:

Հունիսի 9-ին Հանրապետական հիվանդանոցի բժիշկները ասել են Արմենի կնոջը, որ նա «շատ առողջ» է ու նույն օրը նա ընկել է կոմայի մեջ: «Կանվոներից մեկը Արմենին ա պահում, ես վազում եմ,  դռները ծեծում եմ, ասում են՝ ինքը մեր հիվանդը չի: Ասում են՝ պետք է գնաս, սննդակարգի մասնագետ ճարես, չունենք, չի համապատասխանում մեր բաժնի հետ: Մարդը մեռնում ա արդեն, ասում են՝ տարեք ստեղ- ընդեղ: Ասում են՝ գրեք, որ ինքը լավ ա, կարելի է տանել դատապարտյալների հիվանդանոց: Ուզում են տանեն ՑԲ, «սկոռու» բժիշկը նստացնում ա աթոռին, ինքը ընկնում ա: Մի կերպ տարան ՑԲ, ու էլի ի նձ ասում էին՝ շատ լավ ա: Մի քանի օրից նորից վատացավ: Ու էլի հանրապետականում ոչ մի բժիշկ չէր ընդունում: Ասում էր մեր բաժնում տեղ չկա: Մեկն էլ բժիշկներից ասեց՝ եկեք դրսում սիստեմա միացնենք:

Մարդը վատացավ, տարան ռեանիմացիա, երկու օրից դիակը ձեռքս տվեցին:

Մահից երկու օր առաջ օրական երկու կիլո սնունդ էին ուզում, միս, յոգուրտ և այլն: Այդ մահամերձ մարդու համար: Բժիշկը մեզ ասում էր՝ էնքան լավ ա, ուզում ա  քացով  մեզ խփի, մահացած ձեռքս տվեցին: 14 օր նա մնաց հիվանդանոցում՚:

Հացադուլի 60 օրերի ընթացքում Արմեն ՄՆացականյանին բազում անգամներ տեղից տեղ են տեղափոխել՝ «Արմավիրից», «Սևան», անտեղից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», այնտեղից՝ 4 անգամ քաղաքացիական հիվանդանոցներ և կրկին հետ: Հյուծված, գիտակցությունը պարբերաբար կորցնող մարդուն, որն այլևս ի վիճակի չէր ձեռք անգամ բարձրացնել, քարշ են տվել տեղից տեղ, նպաստելով նրա արագ մահվան: Նա անգամ հիվաննդության պատմագիր չի ունեցել:

Պաշտոնական ատյանները բոլորովին այլ պատկեր են նկարագրում: Պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ շփումներից հետևում է, որ Արմեն Մնացականյանի մահվան մեջ մեղավոր է միայն Արմեն Մնացականյանը:

Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնում է. «Դատապարտյալ Ա․ Մ․-ն հացադուլի ողջ ընթացքում գտնվել է «Արմավիր», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների և ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի մշտական վերահսկողության տակ։ Նրա հետ իրականացվել են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական, իրավական և սոցիալական բնույթի համալիր աշխատանքներ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև բացատրվել է, որ իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ ԱՆ քրեակատորղական ծառայության իրավասության և լիազորությունների սահմաններից դուրս են, սակայն վերջինս դրսևորել է մերժողական վերաբերմունք և չի դադարեցրել հացադուլը»:

ՄԻՊ գրասենյակից էլ հայտնում են, որ մշտական կապի մեջ են եղել դատապարտյալի հետ: «Մեր գրասենյակի աշխատակիցները բազմիցս այցելել են դատապարտյալին, տարբեր քրեակատարողական հիմնարկներում, որտեղ որ նա եղել է: «Արմենիա» ԲԿ-ում էլ որ  նրան պարկացրել են, կրկին  մեր միջամտությամբ է դա տեղի ունեցել, և փորձել են համոզել, որ դուրս գա հացադուլից, բայց նա չի համոզվել: Պաշտպանը հետևելու է նաև դատապարտյալի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին», — Forrights.am-ին հայտնել է ՄԻՊ խոսնակ Էդգար Այվազյանը:

Մենք դիմեցինք նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ:

Մեր հարցերին պատասխանեց ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Նաիրա Բաբայանը: Նրա խոսքերով, դատապարտյալ Մնացականյանին տեղից տեղ տեղափոխելը կապված է եղել  կալանքից ազատազրկման ռեժիմի անցման, այսինքն՝ պահման ռեժիմների փոփոխության  հետ:  «Կարգը այսպիսին է՝ ազատազրկված անձը դիմում է գրում հիմնարկի պետի անունով, որ էսինչ բողոքով մտնում է հացադուլ: Բուժմասը այդ դիմումը ստանում է պետից հացադուլավորին տեղափխում է առանձին պատժախուց նրան հսկողության տակ պահելու համար»:

Իսկ կարգն ինչպիսի՞ն է, կարո՞ղ եք հացադուլավորին հիմնարկից  հիմնարկ տեղափոխել:

— Մենք չենք կարող, իսկ ընդհանուր ռեժիմային հիմնարկը կարող է, իրավունք կա ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված:

Եթե մարդը թույլ է ու վատ է զգում, էլ՞ի իրավունք ունեն նրան տեղափոխելու:  

— Այո, էլի տեղափոխվում է:

Քաղաքացիական հիվանդանոցի բժիշկներին Մնացականյանի հիվանդության պատմագիր՝ ՙիստորիա՚ չի տրվել, ինչո՞ւ:

— Ցանկացած հիվանդանոց տեղափոխվելուց անձը հաստատող փաստաթղթի հետ հիմնարկը քաղվածքի տեսքով տալիս է տեղեկանք դատապարտյալի վիճակի մասին: Հիվանդության պատմագիրը բացվում է, եթե անձը ստացիոնար բուժվում է: Արմեն Մնացականյանը հրաժարվել է բուժօգնությունից: Բացառվում է, որ ՙԱրմենիա՚ ԲԿ-ն պատմագիր չունենա, նա այնտեղ ստացիոնար պառկել է:

Նրան խաբելով գրել են տվել, որ հրաժարվում է բուժօգնությունից

— Բացառում եմ, որ նման բան եղած լինի, որովհետև նման դեպք մինչ օրս չի արձանագրվել: Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդանոցը գերծանրաբեռնված է եղել, մենք կապվել ենք այլ հիվանդանոցի հետ, հիվանդին տեղավորել ենք այլ հիվանդանոց:

Նաիրա Բաբայանը պնդում է, որ Արմեն Մնացականյանի առողջական վիճակի  մասին ՔԿՀ-ները շատ տեղեկություններ չեն ունեցել, քանի որ հացադուլի ողջ ընթացքում նա հրաժարվել է հետազոտություններից և բժշկական միջամտություններից:

ՙՀացադուլավորի պահման կարգը չի խախտվել, ամենօրյա գրառումները կան, բայց դրանք ընդամենը օբյեկտիվ վիճակն է, մնացած հետազոտություններից հիվանդը հրաժարվել է, դրա համար ոչ մի տվյալ չի եղել նրա առողջական վիճակի մասին: Նա մինչև վերջին օրը գիտակցությունը չի կորցրել, հրաժարվել է բժշկական օգնությունից, նույնիսկ ՙՀրազդան՚ ԲԿ-ում փորձել են երակային ներարկման տեսքով սնունդ տալ, ինչից նա հրաժարվել է: Իսկ  վերջին օրերին, ՙԱրմենիա՚ ԲԿ-ում փորձել են զոնդով կերակրել օրերին արդեն իրեն զոնդով կերակրել են, քանի որ հացադուլի բարդություններ, աղիքային անանցանելիություն չի եղել՚:

Սյուզան Սիմոնյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest