ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունել է երկու հայամետ օրինագիծ. Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին

64

ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն #121 և փոփոխություն #611 օրինագծերը, հաղորդում են ամերիկահայ կազմակերպությունները: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնվել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում:

Հիշեցնենք, որ փոփոխություն #611 (նախկինում՝ #698) ներկայացվել է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին են որպես համահեղինակներ միացել ավելի քան 25 կոնգրեսականներ: Թիվ 611 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 5»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Ընդունված մյուս օրինագիծը՝ փոփոխություն #121 (նախկինում՝ #837), ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից: Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 1»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Հայամետ երկու այլ օրենքի փոփոխություններ, որոնք ներկայացվել են 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքը լրացնելու համար, մոտ ապագայում ևս քվերակության կդրվեն Ներկայացուցիչների տան լիագումար նիստի ժամանակ: