Կարո Անտոնյանը 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու մեկ տասնյակից ավելի տանկեր է ոչնչացրել՝ փրկելով ծառայակից ընկերների կյանքը։ Առաջին տանկը խոցել է պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 29-ին։ Մի քանի տանկ ոչնչացնելուց հետո արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանին։

«Տանկերը, որ գալիս էին մենք հանգիստ էինք, որովհետև Կարոն մեր հետևից արդեն պատրաստ էր՝ ռակետները իրար հետևից գալիս էին։ Սկզբում առաջին տանկին էր խփում, հետո՝ վերջին։ Նա հաշվարկում էր, որովհետև դիմացինն ու վերջինը խոցելուց հետո մյուսները չէին կարողանում տեղաշարժվել»,-պատմում է Կարոյի մարտական ընկերը՝Վահեն։

Կարոյին, մարտի դաշտում վաստակած մեդալը, փոխանցվել է Եռաբլուրում՝ հետմահու։  Հուլիսի 9-ին Կարոն դարձավ 22 տարեկան։ Ծննդյան օրը Կարոն ևս մեկ մեդալի արժանացավ։ Հայաստանի նախագահի հրամանագրով թշնամու 13  տանկ ոչնչացրած Կարոն Հայրենիքին մատուցած  ծառայությունների համար պարգևատրվեց 1-ին աստիճանի մեդալով։ Ծնողներին այդ օրը փոխանցվեց նաև Կարոյի լեյտենանտի կոչումը, որին արժանացել էր պատերազմի առաջին օրերին։

«Կարեն եղել է շարքային, դասակի հրամանատարի զոհվելուց հետո կատարել է հրամանատարի պարտականությունները։ Խոցել է հակառակորդի բազմաթիվ տանկեր, իրեն շնորհվել է լեյտենանտի կոչում»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Կարոն ծառայել է Ջրականում, մարտական գործողություններին մասնակցել նույն վայրում։ Եղել է ֆագոտ հակատանկային ջոկի հրամանատարը։ Պատերազմից 10 օր առաջ վիրահատվել է, իսկ երեք օր առաջ որոշել ու կրկին բարձրացել դիրքեր։ Մարտական գործողությունները սկսվելուց հետո երկու օր ընտանիքի անդամների հետ չի կարողացել խոսել։ Կարոյի սխրագործությունների մասին, սեպտեմբերի 29-ին, մորը հայտնել է ծառայակից ընկերը։

«Վարդանը զանգեց ու ասաց՝ գիտեք մենք այսօր, որ զանգում ենք, ձեր տղայի շնորհիվ է։ Գիտե՞ք ինչ լեգենդ ունենք, գիտեք Կարոն ի՞նչ է արել, իր կյանքի գնով մեզ պահել է»,-հիշում է Կարոյի մայրը՝ Գոհար Անտոնյանը։

Հոկտեմբերի 12-ին Կարոն զանգահարել է մորն ու խնդրել գնալ եկեղեցի։ Ինչպես հետագայում ընկերներն են պատմել Կարոյին այդ օրը հաջողվել է փրկվել հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Հաջորդ օրը, սակայն, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

«Հոկտեմբերի 13-ի առավոտյան զանգեց ու հարցրեց՝ մամ, ինչ ասել էի, արե՞լ ես։ Ասեցի՝ գնացել ենք եկեղեցի, քո ուխտն արել ենք, ասաց մամ՝ վերջ, էլ քեզ չեմ զանգի։ Ասացի՝ ինձ զանգի հաղթանակի օրը․․․ զանգից մի քանի ժամ անց Կարոն զոհվել է»,-ասաց մայրը։

Կարոյի ծառայությունն ավարտվելու էր 2021-ի հունվարի 17-ին։ «Չգիտեմ զուգադիպությո՞ւն է, թե՞ ռեալ կյանք, իրեն մեզ հանձնեցին հոկտեմբերի 17-ին»,-նշեց մայրը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest