Ցմահ դատապարտված Ստեփան Ներսիսյանը 3 երեխա ունի ու 6 թոռ: Նրանց տեսնում է տեսակցությունից տեսակցություն, լսում է կարճատև զանգերի ժամանակ:
«Կոնֆլիկտներ չի ստեղծում, շփվող անձնավորություն է, բարեկիրթ». բնավորության այս առանձնահատկությունները բանտի վարչակազմը նշել է դատապարտյալի բնութագրում:
Ստեփանը ասում է, որ ապրում է մեխանիկորեն, աշխատում է համապատասխանել վաղաժամկետ ազատման համար բոլոր չափորոշիչներին՝ մասնակցում է բանտում կազմակերպված կիրառական արվեստի, «Հայագիտություն և մշակույթ» խորագրով դասընթացներին, համակարգչային հմտություններ ձեռք բերել, ներգրավվել ինքնագործ խմբերում: Սա դարձել է նրա կյանքի իմաստը:
70-ին մոտ մարդու ինչի՞ն են պետք դասընթացները, արդյո՞ք զուտ պայմանական վաղաժամկետ ազատման համար պահանջվող չափանիշներին բավարարելու, «գալոչկա՚»» դնելու համար
« Ոչ միայն: Դրանց միջոցով ես շփվում եմ մարդկանց հետ, հանդիպում եմ արվեստագետների, մտավորականների, քաղաքական գործիչների »,- ասում է դատապարտյալը:
Ստեփանը պատվոգրեր, հավաստագրեր, դրական բնութագրեր ունի: Բայց և այնպես չգիտի, ողջ է ինքը, թե մահացած: 25 տարի բանտում է: Ասում է, որ դատապարտվել է մեկ անձի ցուցմունքով, սպանության մեջ չի մեղադրվել, սակայն սպանողի հետ կրում է նույն պատիժը՝ ցմահ ազատազրկում: Ասում է, որ զղջում է, որ օրեր, ամիսներ ու տարիներ մտածել է իր արարքի մասին: Նա քիչ է խոսում, պատմում, դժվար է արտաբերում բառերը:
«Պետությունը ինձ կերակրում է, ինձ ծաղիկներով զբոսահրապարակ են տանում, հեռուստացույց են տրամադրել: Ոնց որ ծերանոցում ապրեմ» — ասում է Ստեփանը: Նա գտնում է, որ իրեն պատժելու իմաստը կորել է: «Ես հիվանդություններ ունեմ, եթե դուրս գամ բանտից, երկար չեմ ապրելու: Գոնե էդ մի քանի տարին թողնեն, գնամ, թոռներիս տեսնեմ», — ասում է:
Ստեփան Ներսիսյանի վաղաժամկետ պայմանական ազատման հարցը քննելով, դատարանը նրա երջանկության հարցն է լուծում:
Տուժող կողմը ընդունում է, որ Ստեփանը չի սպանել, բայց և այնպես դեմ է նրա ազատմանը:
«Տուժող կողմին պետք է ըմբռնումով վերաբերվել, նրանց կորուստը անդառնալի է: Բայց դատարանը պետք է հաշվի առնի, որ ես 25 տարի պատժվել եմ արդեն իմ արարքի համար: Խորապես զղջում եմ, որ առնչվել եմ սպանությանը: Ես տառապել եմ ու մինչև կյանքիս վերջ տառապելու եմ կատարվածի համար բանտում, թե դրսում՚ »- խոստովանում է Ստեփանը:
Քաղաքացիական հայցով պահանջվող 1 մլն դրամից 300 հազար դրամը Ստեփանը մուծել է: Կատարել է ստեղծագործական աշխատանքներ և վաստակած գումարը փոխանցել է տուժողին: Մնացած մասն էլ պարտավորվել է վճարել:
Հ.Գ. Ցհամ ազատազրկման դատապարտված Ստեփան Ներսիսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը 2022 թվականի հունվարի 13-ին կազմել է դրական զեկույց: Արձանագրվել է, որ չափորոշիչների գումարման արդյունքում նա ստացել է 28 միավոր: Պրոբացիայի ծառայությունն իր զեկույցում հանգել է եզրակաղցության, որ Ստեփան Ներսեսյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրկան վարքագիծ, քարորդ դար առաջ գործած հանցագործության համար խորապես զղջում է, ընունել է իր մեղքը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: