Եթե շենք-շինություն զավթողները հրաժարվում են իրենց պահանջներից, քրեական հետապնդումը դադարեցվում է․«Սասնա ծռերի» գործով փաստաբաններ

53

«Սասնա ծռերի» գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Պարույր Սաֆարյանն ու Աննա Ջիվանովնան ասուլիս էին հրավիրել։

Քրեական օրենսգրքով, Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով  քրեական իրավունքում գործող միակ հիմնարար սկզբունքն  այն է, որ եթե դատարանները քրեական հետապնդում են իրականացնում, ապա դա պետք է  հիմնված լինի գործող օրենսգրքի նորմերի վրա։ Նախկին Քրեական օրենսգրքի ուժը կորցնելուց հետո մեկ տարի ժամանակ էր տրվել, որպեսզի Դատախազությունը մեղադրվող և դատարաններում քննվող անձանց  մեղադրանքները համապատասխանեցնի նոր Քրեական օրեսգրքին․

«Ցավոք ցրտի՝ Դատախազությունը որևէ բան չի ձեռնարկել։ Հիմա երբ արդեն Հուլիսի 1-ից նոր Քրեական օրենսգիրքը մտել է ուժի մեջ, մենք ունենում ենք անհեթեթ իրավիճակ․ դատարանները գալիս են ու փորձում այնպիսի գործ քննել, որտեղ չկա կոնկրետ, ձևակերպված մեղադրանք և նախկին մեղադրանքները չեն համապատասխանում գործող Քրեական օրենսգրքին, իսկ  նախկին օրենսգիրքը ուժը կորցրել է և այլևս գոյություն չունի»,-ասաց պաշտպան Հայրապետյանը։

Սասնա ծռերը մեղադրվում են պատանդներ պահելու, շենք-շինություններ զավթելու և զենք հափշտակելու հոդվածներով։ Շենք-շինություններ զավթելը նոր Քրեական օրենսգրքում չկա, այլ ձևափոխված արտահայտվել է ահաբեկչության հանցակազմի մեջ։

Շենք-շինություններ զավթելու հանցակազմը վերացել է։ Եթե Սասնա ծռերը շարունակվի մեղադրվել շենք-շինություններ զավթելու մասով, այնտեղ էլի փոփոխություն է եղել այդ հոդվածի մեջ, որ եթե շենք-շինություն զավթողները հրաժարվում են իրենց պահանջներից, քրեական հետախնդումը դադարեցվում է, և գործի վարույթը կարճվում է։

Պաշտպան Ջիվանովնայի խոսքով՝ Դատախազության ներկայացուցիչները ոչ միայն Սասնա ծռերի գործով, բացառապես բոլոր քրեական գործերով խուսափում են կատարել իրենց պարտականությունները։

Ըստ պաշտպանյալների՝ երեկ դատական նիստում կա՛մ դատարանը, կա՛մ մեղսագրվող կողմը համապատասխան միջնորդությամբ պետք է հանդես գային կամ փաստաթուղթ ներկայացնեին, որպեսզի անձանց արարքները համապատասխանեցվեին նոր Քրեական օրենսգրքին, սակայն դա տեղի չի ունեցել․

«Երեկվա դատական նիստին ներկայանալով՝ ավելի քան վստահ էինք, որ նոր Քրեական օրենսգրքին համապատասխան Դատախազության ներկայացուցիչները պետք է հանդես գան նոր միջնորդությամբ, թե ինչում են մեր պաշտպանյալները մեղադրվելու։ Դա տեղի չունեցավ, և, ի զարմանս մեզ, դատարանը շարունակեց քրեական գործի հետազությունը նախկին օրենսգրքով»,-ասաց Աննա Ջիվանովնան։

«Գլխավոր դատախազի դիրքորոշումը հետևյալն էր, որ եկեք շարունակենք քննել գործեր՝ առանց քրեական օրենսգրքի համապատասխանության, հետո ինչ-որ փուլում կարող ենք մեր դիրքորոշումը փոխել և եթե հարմար կգտնենք կներկայացնենք նոր մեղադրանք»,-նշեց Հայրապետյանը։

Հայրապետյանի դիտարկմամբ՝ Սահմանադրական կարգը տապալվում է․

«Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ դատարանները երկընտրանքի առաջ են․ մի կողմից դատարանների համար դժվար է, օրինակ գործ է քննվում գողության կամ ավազակային հարձակման հանցակազմով և, ըստ էության, նախկին օրենսգրքով սա հիմնավորված է, բայց չկա նոր մեղադրանք և համապատասխանեցում այդ արարքով նոր Քրեական օրենսգրքին։ Դատարանների համար դժվար է այսպիսի անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնել, բայց օրենքն է սա պահանջում, և դատարանները ստիպված փորձում են այլ ճանապարհներով այնպիսի գործողություններ կատարել, որն իր համար օրենքով լիազորված չէ»։