Քննիչների ու դատախազների անգործությունը հանգեցնում է նոր դեպքերի, որոնք չեն բացահայտվում․զինվորի մայր

82

Մեդիա կենտրոնում մեկնարկել է քննարկում` «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը շարունակում են մնալ առկախված» թեմայով։

Նարինե Մկրտչյանը՝ Անդրանիկ Մկրտչյանի մայրն ասաց՝ չի վախենում ասել, որ որդու սպանությունը կատարվել է 2017 թվականին ու մինչև օրս չի բացահայտվել։ Իր խոսքով՝ 26 տարեկան կապիտանը, պատերազմ անցած հերոսը տնից գնացել էր այն նպատակով, որ իր վաշտը ճանաչվեր լավագույնը, սակայն ինքնասպանության լուրն են ստացել․

«Ճաշի ժամից մոտ 13։00-ի սահմաններում խոսել եմ իմ որդու հետ, որ ինքը զորքը պետք է տաներ ճաշարան գար ու զանգեր ինձ ու այդպես էլ չզանգեց, ու ստացանք այդ ողբերգական լուրը»։

Տիկին Նարինեն նաև ասաց, որ քննիչը գործն ուղարկում է հսկող դատախազին, վերջինս իրեն հարց է տալիս ու այդ հարցի պատասխանը այդպես էլ չի ստանում․

«Որովհետև իրենք նստում են իրենց կաբինետներում՝ կտրված իրականությունից։ Դատախազները  փոխադարձ հարց չեն ուղղում քննիչին՝ արդյո՞ք դա կարող էր այդպես լինել, թե՞ ոչ։ Սա է այսօրվա իրականությունը․քննիչների ու դատախազների անգործությունը բերում է նորանոր դեպքեր, որ չեն բացահայտվում»։

Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանն ասաց, որ մայիսի 11-ից որդու գործով նախաքննությունը սկսվել է հունվարին, և այս տարիների ընթացքում միակողմանի քննություն է արվել, այն է՝ ապարդյուն․

«Կատարվել է հանցագործություն։ Արդարացվել են մեղադրյալները, որովհետև դեպքի վայրում հոսանք չի եղել, որ իմ երեխեն էլեկտրահարվեր։

Քննիչների, դատախազների կատարած էս հանցագործությունը, որ շարունակվել ա 15 տարի ու գործը չի փակվել։ Միակողմանի, սխալ, հանցագործ ձևով քննություն են արել»։

Քննարկմանը ներկա էին Գոհար Օհանջանյանը` ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդ, Իրինա Ղազարյանը` ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի իրավահաջորդ, Նանա Մուրադյանը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի իրավահաջորդ, Նարինե Մկրտչյանը` ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի իրավահաջորդ։