Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Գեւորգ Խաչատրյանը սկզբում ծառայել է «Մարտունի-2 » զորամասում, իսկ հետո նրան տեղափոխել էին Խոջալու: Մինչեւ պատերազմը սկսելը Գեւորգն եղել է ընդամենը երկու ամսվա զինծառայող: Շատ հպարտ է եղել, որ ծառայում է Արցախում:
Մայրը` Լիլիթ Եգլարյանն, ասում է, որ որդին ավարտել էր Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, ընդունվել էր Կ.Ի. Սկրյաբինի անվան Մոսկվայի անասնաբուժական բժշկագիտության եւ կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիան, պետք է զինծառայությունն ավարտելուց հետո շարունակեր ուսումը:
Պատերազմի ժամանակ Գեւորգը մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ջրականի մարտական գործողություններին, զոհվել հոկտեմբերի 10-ին, Ջրականում, տանկային գործողությունների ժամանակ:
«Սեպտեմբերի 25-ին Գեւորգը զանգեց, ասաց, որ պատերազմ է լինելու, բայց մի քանի ժամ անց հերքեց: Իրեն երեւի ասել էին, որ չկա նման բան, եւ ինքն էլ մտածել էր, որ չարժե ծնողներին անհանգստացնել: Սկզբում դիրքեր չեն տարել տղաներին, հրամանատարներն ասել են, որ բարձրանում են դիրքեր, վիճակը խառն է: Մարտական ուղու մեջ գրած է, որ հոկտեմբերի 6-10-ն են տղաները եղել դիրքերում` Հադրութում, Վարանդայում, Ջրականում, սակայն ընկերներն էլ պատմում են, որ հոկտեմբերի 2-ից են եղել դիրքերում: Պատերազմի ժամանակ ամեն օր զանգել է, ասել, որ լավ են: Վերջին օրը խոսելիս հեռախոսի մեջ կրակոցների ձայներ էին լսվում, երբ հետաքրքրվեցի, ասաց, որ դրանք հեռվում են, իրենց մոտ ամեն ինչ խաղաղ է: Հետո հրամանատարն ասաց, որ տղաները լավ կռվել են, ու…զոհվել»,- հիշում է Լիլիթը:
Հոկտեմբերի 14-ին ծնողները գտել են Գեւորգի աճյունը, 16-ին էլ հուղարկավորել են:
Լիլիթը կարծում է, որ երկու ամսվա զինծառայողին իրավունք չունեին տանելու առաջնագիծ:
«Իմ որդուն չեն տրամադրել սաղավարտ եւ զրահաբաճկոն, բայց քանի որ եղել է տանկիստ, ասում են, որ տանկիստներին չեն տրամադրում: Շատ ծնողներ կան, որոնք ասում են, որ իրենց որդիներին էլ չեն տրամադրել սաղավարտ եւ զրահաբաճկոն, թեեւ բոլորը տանկիստներ չեն եղել»,- ասում է Լիլիթը:
Լիլիթը հիշում է, թե ինչպես հոկտեմբերի 10-ից հետո, երբ լուր չի ունեցել, աշխատավայրում իրեն վատ է զգացել, տեսիլքի նման որդին հայտնվել է փեսացուի հագուստով, կանգնել իր դիմացը եւ ասել. «Մա՛մ, ես այստեղ եմ, ինձ գտեք »: Դրանից հետո նա մի քանի հեռախոսահամարներով զանգել է, փորձել գտնել որդուն, մի համարից պատասխանել են, որ իր որդին խրամատում է, լավ է: Քիչ անց հրամանատարն էլ է զանգում, ասում, որ որդին լավ է: Պարզվում է, սակայն, որ ընկերներն իմացել են Գեւորգի` զոհվելու մասին: Նրանք էլ խուսափում են վերհիշել պատերազմն ու մանրմասներ պատմել այդ մասին:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: