Հայաստանի Քննչական կոմիտեն պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետ կորելու դեպքով նոր քրեական գործ է հարուցել։ ՔԿ-ն տվյալներ է ստացել, որ պայմանագրային զինծառայողին սպանել են անհայտ անձը։ Forrights.am-ն այս մասին տեղեկանում է  Վահե Մանուկյանի քրգործի նյութերից, որում նշված է․ «ինքնությունը չպարզված անձը 2021 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-20:00 ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված ժամին, անհայտ վայրում, սպանել է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանին»։  Վահե Մանուկյանը ճանաչվել է տուժող։

Նույն աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ ՔԿ-ն միաժամանակ դադարեցրել է նրա նկատմամբ յոթ ամիս առաջ հարուցված քրեական հետապնդումը, որով  զինծառայողին վերագրվում էր դասալքություն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը ծառայակցի ուսապարկը բերելու նպատակով մեկնել էր իր դիրքերից 1 ԿՄ հեռավորության վրա գտնվող մեկ այլ դիրք, իսկ հետ վերադարձին անհետացել էր։ Առ այսօր Վահե Մանուկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։

Forrights.am-ը Վահե Մանուկյանի քրգործի նյութերից տեղեկացավ, որ ՔԿ-ն յոթ ամիս նախաքննություն իրականացնելուց հետո եկել է այն եզրահանգմանը, որ Վահե Մանուկյանին առաջադրված դասալքության հոդվածով բավարար ապացույցներ չկան և դադարեցրել է զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր նաև ՔԿ մամուլի խոսնակն՝ առանց մանրամասներ հայտնելու։

Նշենք, որ Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Փաստաթղթերից տեղեկացանք, որ Վահե Մանուկյանի գտնվելու վայրը շարունակում է իրավապահաների համար մնալ անհայտ։ ՔԿ-ից մայիսի 24-ին մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ միջդիրքային ճանապարհը, որով անցել է Վահե Մանուկյանը,  ձյունապատ ձոր կա, սպասում են ձյունը հալվի, որ որոնողական աշխատանքեր իրականացնեն։ Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերում, սակայն, այս վարկածը ոչ հաստատված էր, ոչ հերքված։ Առաջիկայում հարցմամբ կդիմենք ՔԿ՝ լրացուցիչ մանրամասներ ստանալու համար։

Վահե Մանուկյանի անհետանալուց հետո Եղեգնաձորում բնակվող ընտանիքը՝ կինն ու աչափահաս երեք երեխաները հայտնվել են սոցալական խնդիրների առջև։ Պետությունը ընտանիքին որևէ աջակցություն չի տրամադրել, քանի որ մինչ այս քրգործը հարուցված է եղել դասալքության հոդվածով։

Կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, այժմ հույս ունի, որ հոդվածի փոփոխությունից հետո պետությունը իրենց ևս կընդգրկի սոցալական աջակցության ծրագրերում։ Ընտանիքը տուն չունի ապրում են վարձով։ Չեն վճարել բնակարանի մի քանի ամսվա վարձը, ինչպես նաև սննդի դիմաց պարտքեր են կուտակել խանութներում։ Լիանա Մելիքսեթյանին փաստաբանի աջակցություն է անհրաժեշտ՝ որպես տուժողի իրավահաջորդ պետական ծրագրերից օգտվելու համար։

Պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը 33 տարեկան է՝ Վայոց Ձորի  Գլաձոր համայնքից: Ընտանիքի հետ բնակվում է Եղեգնաձոր քաղաքում: Կինը նշում է, որ ամուսինը վերջին անգամ էր բարձրանում դիրքեր, լրանում էր նրա պայմանագրի ժամկետը, սակայն, իջնելուց հետո պետք է այն երկարաձգեր:

Նարեկ Կիրակոսյան

ՀԳ. Վահե Մանուկյանի կնոջ` Լիանա Մելիքսեթյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար` 19300174636401։ Ցանկացողները կարող են ընտանիքին սոցիալական աջակցություն ցուցաբերել։

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest