Ալբերտ Մարտիրոսյանը 2019-ի վերջնականապես որոշել էր կյանքը կապել բանակի հետ եւ ծառայության էր անցել Հայաստանի խաղաղապահ զորքերում: Ալբերտը, ով ծնողների միակ որդին էր, զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի  3-ին, իսկ քույրը 2017թ-ին մահացել էր ծանր հիվանդության հետեւանքով:

Զինվորականը ծնվել եւ մեծացել էր Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, սակայն ծառայության անցնելուց առաջ ծնողների հետ տեղափոխվել էր Աբովյան: «Տղաս սիրում էր ակտիվ քաղաքի կյանքը, այնտեղ իրեն ավելի լավ էր զգում: Ասում էր` Աբովյանում մի լավ տուն եմ գտել, մի քիչ վարձով ապրենք, հետո հիփոթեքով կգնեմ մեզ համար: Մինչեւ հիմա վարձով իր այդ հավանած տանն ենք մնում: Տան մեջ իրա շունչը դեռ զգում ենք»,- պատմում է Ալբերտի մայրը` տիկին Ռուզաննան:

Մոր խոսքով, Ալբերտը վաղուց էր ցանկանում զինվորական դառնալ ու որեւէ հանգամանք կամ խոսք չկարողացան նրան ետ պահել այդ քայլից. «Փոքր տարիքից ասում էր` զինվորական եմ դառնալու, զինվորական համազգեստ եմ կրելու: Գնացինք ՌԴ` քրոջս մոտ աշխատելու, տղաս փախավ, հետ եկավ: Ասեց` չեմ ուզում սա, իմ Հայաստանն եմ ուզում: Եկավ այստեղ, աշխատեց, հետո մի օր էլ ասեց` թղթերս եմ հավաքում: Հարցրի` ի՞նչ թղթեր, Ալբերտ ջան: Ասեց` զինվորական եմ դառնում, մամ, մեկ է, դա է իմ կոչումը, ես անելու այլ բան չունեմ: 24 տարեկան էր: Պատերազմից ընդամենը մեկ տարի առաջ: Փետրվարին պետք է մեկներ խաղաղապահ ծառայության Կոսովո… Մի աղջիկ էլ ունեի: Հիվանդ էր, մահացավ 26 տարեկանում: 2017 թվականին էր: Հիմա էլ տղաս… երկու երեխա ունեցա, բայց ինձ թողեցին անտեր… որբ ու անտեր: Այս ցավը չեմ կարող նկարագրել: Ամեն օր ժամը հինգին սպասում եմ, որ գա: Ամեն օր: Համարյա արդեն երկու տարի է ես ամեն օր սպասում եմ, որ տուն գա»:

Վերջին անգամ Ալբերտը մորը զանգահարել է հոկտեմբերի 2-ին:

«Զանգեց, ասեց` մամ, չեմ կարող խոսալ: Մամուշս: Ինձ մամուշ էր ասում: Ասեց` վաղը կզանգեմ: ՈՒ վաղը չեկավ: Երկու տարի է այդ վաղը չի գալիս… Ինքը Քարվաճառում էր: Բարձրացել են, որ ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով զոհված զինվորներին իջացնեն: Իջացրել են ներքեւ, նորից բարձրացել են վերեւ` իրենց սպայի մոտ, ԱԹՍ-ն հարվածել է: Երեքով վառվել են… էրեխուս այդպես էլ չտեսա…»,- ասում է զոհված զինվորականի մայրը:

Տիկին Ռուզաննայի խոսքով, բոլոր այն տղաները, ովքեր զոհվեցին 44-օրյա պատերազմում, լավագույններն էին եւ շատ բան ունեին տալու մեր երկրին. «Այդքան բարի, այդքան լավ էրեխեքը ինչո՞ւ գնացին: Այս երկրին էին այդ լավերը պետք: Ալբերտս Եռաբլուրում է: Աղջիկս Բյուրեղավանում: Շաբաթ օրը գալիս եմ աղջկաս մոտ, կիրակի օրը` տղայիս: Ուրիշները տնից տուն են հյուր գնում, ես գերեզմանից գերեզման եմ հյուր գնում»:

Անի Գևորգյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest