ԲԴԽ-ն փակ նիստում այսօր նախագահ կընտրի

44

Factor.am-ի գրում է, որ այսօր հայտնի կդառնա ԲԴԽ նոր նախագահի անունը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները ընտրությունը կիրականացնեն փակ նիստում։

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ուրբաթ օրը հրաժարական էր ներկայացրել, ըստ պաշտոնական մեկնաբանության՝ առողջական խնդիրների պատճառով։ Հրաժարականին, սակայն, նախորդել էր սկանդալային ձայնագրության հրապարակումը․  ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ընթացքում հրապարակել էր իր և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ շուրջ 15 րոպեանոց զրույցի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում էր հրաժարական տալ՝ խոստանալով երաշխավորել, որ վերջինս քրեական պատասխանատվության չի ենթարկվի։

Դրանից մի քանի օր անց ԲԴԽ-ն հայտարարեց լիազորությունները կասեցված նախագահ, դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով կասեցնելու մասին։  Թեև որոշումը հրապարակվեց ԲԴԽ հունիսի 23-ի նիստում՝ սակայն Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ որոշումը կայացվել է հունիսի 16-ին: Հատուկ կարծիք էին ներկայացրել Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ էր եղել Անի Մխիթարյանը, որը նույնպես ներկայացրել էր նաև հատուկ կարծիք։

Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել ԲԴԽ երեք անդամների՝ Գրիքոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ։ Վարույթի հարուցման հիմք էր հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի առնչությամբ։