Մնացը չընդունեց դատավճիռը իր մահվան գնով. Ո՞վ է պատասխանատու ողբերգության համար

2580

Սարի թաղի բնակիչ, 50 տարեկան Արմեն Մնացականյանը, որին թաղում Մնաց էին ասում, երեք ամիս հացադուլի մեջ է եղել՝ ազատազրկման առաջին իսկ օրվանից՝ ապրիլի 7-ից, երբ բերվել է ՙՙԱրմավիր՚՚ քրեակատարողական հիմնարկ: 3 ամիս շարունակ դատապարտյալը առողջությունը վնասելով պայքարել է իր դատավճռի դեմ և մահացել է հունիսի 28-ին ՙՙԱրմենիա՚՚ ԲԿ-ում: Քրեակատարողական ծառայությունը, հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու է դատապարտյալների առողջության համար, նրա փաստաբանը, ընտանիքի անդամները՝ ոչ ոք չի բարձրաձայնել նրա պայքարի, հացադուլի մասին, որևէ հրապարակում չի եղել, որևէ ահազանգ իրավապաշտպանների կողմից չի հնչել:

Մնացը հյուծվել է և մահացել է լռության մատնված:

Քրեական գործ է հարուցված, գլխավոր դատախազությունը քննում է Արմեն Մնացականյանի մահվան պատճառը, բայց ակնհայտ է, որ այն կապված է հացադուլի հետ:

Ինչո՞ւ չեք բարձրաձայնել, որ Արմեն Մնացականյանը հացադուլ է հայտարարել, որ վատ վիճակում է:  Մեր հարցին նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ կապ չի ունեցել իր պաշտպանյալի հետ այն պահից, երբ վերջինս տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ՙՙՆրա կինը ինձ ասաց, որ հացադուլի մեջ է, բայց չմտածեցի, որ այսքան երկար կտևի հացադուլը՚՚, — ասաց Forrights.am-ին փաստաբանը:

Արմեն Մնացականյանը բանտում է հայտնվել մի անհեթեթ միջադեպի պատճառով: ՙՙԴատալեքս՚՚ տեղեկատվական համակարգում կարդում ենք, որ 2 տարի առաջ, Նոր տարվա գիշերը Սարի Թաղի 3-րդ շենքի 1-ին տան դիմաց նա հանդիպել է մի հարբած տղամարդու, որը նախ՝ բարևել է իրեն, Նոր տարին է շնորհավորել, ապա ագրեսիվ կերպով ասել է «արա էս տաքսին դու ես ասել, որ ստեղ չգա»:

Արմեն ՄՆացականյանն էլ, հասկանալով, որ վերջինս գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ հորդորել է նման կերպ չխոսել իր հետ, սակայն տղամարդը շարունակելով իր ագրեսիվ վերաբերմունքը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել մոր հասցեին:

Արմեն Մնացականյանը դատարանում խոստովանել է՝  ձեռքով հարվածել է հայհոյանք հնչեցնող տղամարդու դեմքին, այնպես, որ վերջինս ընկել է ավտոմեքենայի երկաթյա ՙՙկմախքի՚՚ վրա: Ապա բանալիների խրցի մեջ եղած եղունգ կտրիչ փոքրիկ դանակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին: Տուժողը դատարանում խոստովանել է, որ հարբած է եղել և չի հիշում դեպքի  մանրամասները: Նա ուշքի է եկել  միայն հիվանդանոցում:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը նույնպես Սարի թաղի բնակիչ է, իր պաշըտպանական ճառում հիմնավորել է, որ  առկա է եղել տուժողի հակաօրինական վարքագիծը: ՙՙԴա հիմք է հանդիսացել, որ դատարանը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար /Քր. Օր 112 հ./ ամբաստանվող Մնացականյանին դատապարտի 3 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը,  նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառի,  սահմանելով 2 տարվա փորձաշրջան՚՚ՙ — ասում  է փաստաբանը:

Մեղադրող դատախազ Վ. Հարությունյանը բողոքարկել է դատավճիռը և հասել նրան, որ վերաքննիչ դատարանն ի դեմս նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի, վերացրել է  ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը  և 3 տարով բանտ է ուղարկել Մնացականյանին: Վճռաբեկ ատյանը նրա պաշտպանի բողոքը վարույթ չի ընդունել

Այսպես Արմեն Մնացականյանը  հայտնվել է ՙՙԱրմավիր՚ՙ ՔԿՀ-ում և առաջին իսկ օրվանից հացադուր  է հայտարարել: Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնում է. ՙՙՙՔաղաքացի Ա․ Մ․-ն 2022 թվականի ապրիլի 7-ին մուտք է գործել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ։ Հիմնարկ տեղափոխվելու առաջին իսկ օրից հայտարարել է հացադուլ։ Մայիսի 3-ին նրան տեղափոխել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ, իսկ մայիսի 26-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Դատապարտյալ Ա․ Մ․-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից պարբերաբար տարել են քաղաքացիական հիվանդանոց։

Դատապարտյալ Ա․ Մ․-ն հացադուլի ողջ ընթացքում գտնվել է «Արմավիր», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների և ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի մշտական վերահսկողության տակ։ Նրա հետ իրականացվել են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական, իրավական և սոցիալական բնույթի համալիր աշխատանքներ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև բացատրվել է, որ իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ ԱՆ քրեակատորղական ծառայության իրավասության և լիազորությունների սահմաններից դուրս են, սակայն վերջինս դրսևորել է մերժողական վերաբերմունք և չի դադարեցրել հացադուլը՚՚:

Փաստորեն, հացադուլի  մեջ գտնվող, թուլացած, առողջական ծանր վիճակում Մնացականյանն անընդհատ տեղից տեղ է տեղափոխվել: Նրա հետ վարվել են ինչպես կվարվեին միանգամայն առողջ, առանց որևէ խնդրի դատապարտյալի հետ, ընդհանուր կարգով՝  մինչև տեղաբաշխումը՝ ՙՙԱրմավիր՚՚ ՔՀԿ, ապա նա տեղաբաշխել է ՙՙՍևան՚՚ քկհ, որից հետո արդեն թուլացած վիճակում՝ ՙՙԴատապարտյալների հիվանդանոց՚՚:

ՄԻՊ գրասենյակից էլ հայտնում են, որ մշտական կապի մեջ են եղել դատապարտյալի հետ: ՙՙՄեր գրասենյակի աշխատակիցները բազմիցս այցելել են դատապարտյալին, տարբեր քրեակատարողական հիմնարկներում, որտեղ որ նա եղել է: ՙՙԱրմենիա՚՚ ԲԿ-ում էլ որ  նրան պառկացրել են, կրկին  մեր միջամտությամբ է դա տեղի ունեցել, և փորձեր են շատ եղել, որ կարողանանք իրեն համոզենք, որ դուրս գա հացադուլից, բայց նա չի համոզվել: ՄԻՊ աջակցությունը միշտ եղել է:

Պաշտպանը հետևելու է նաև դատապարտյալի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին՚՚, — Forrights.am-ին հայտնեց ՄԻՊ խոսնակ Էդգար Այվազյանը:

Այնուամենայնիվ, ով է պատասխանատու հացադուլավորի մահվան համար և արդյո՞ք հնարավոր չէր կանխել ողբերգությունը, արդյո՞ք արվել է ամեն ինչ մարդու կյանքը փրկելու համար:

ՙՙԻմ կարծիքով, եթե արված լիներ, այս վիճակի չէր հասնի,  — մեր հարցերին պատասխանում է հանգուցյալի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, — Ինչ-որ մեկին փողոցում բարձր ձայն հանելու համար ձեռնաշղթաներ են հագցնում և զոռով տանում են, չգիտես, ուր: Կարող էին այս պարագայում, իր կյանքը փրրկելու համար նրան էլ ինչ որ ներարկումներն անել: Դա քննարկման ենթակա չէՙՙ: Բայց մեզ հաճախ հակադարձում են, թե չի  կարելի  միջամտել հացադուլին: ՙՙԴե, գիտեք, եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում, ինչ՞ի մասին է խոսքը: Դա նույնն է, եթե մեկն ուզի իրեն կամրջից ցած նետել, ասեն՝ դե լավ, իր կամքն է, թող գնա, իրեն գցի՚՚:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ դատապարտյալները մահանում են հացադուլի հետևանքով: Այս առումով հիշարժան են Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի պատմությունը, որը կալանավորվել էր 2016թ թվականի հուլիսյան իրադարձություններից հետո:

2017 թվականի փետրվարի 10-ին նա հացադուլ էր հայտարարել, պահանջելով փոխել խափանման միջոց կալանքը:

25 օր անց նրան ազատեցին, սակայն 3 օր անց Հաց Բերողը մահացավ: Նրա մահը մինչ օրս խարան է ՀՀ այն ժամանակվա իշխանության ճակատին:

Արդեն նոր իշխանությունների օրոք, 2019 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 44 –օրյա հացադուլից հետո մահացավ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, 50-ամյա Մհեր Եղիազարյանը: Նա ևս պահանջում էր վերացնել կալանքի որոշումը: Ինչպես և Արմեն Մնացականյանի դեպքում, նրա հացադուլի մասին հանրությունն իմացավ միայն մահից հետո:

Սյուզան Սիմոնյան