«Երկու ոտքս կտրած ա, ձեռքերիս էլ մենակ մի մատ ունեմ, էդ էլ վերք ա եղել, որովհետև սայլակը չեմ կարողանում քշել, խփում եմ սայլակի կողքերին, վերք ա դառնում։ Բայց ինձ էլ չի կարելի ․ հենց մի փոքր վերք ա լինում, վերջ, կտրում են։ Մենակ մի բան եմ խնդրում՝ էլեկտրական սայլակ, որ կնոպկեն սեղմեմ, ու վերջ․ էլ ձեռքերիս վրա ուժ չկա»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանը։

49-ամյա Վարդանն առաջին կարգի հաշմանդամ է, ձեռք է բերել 90-ականների պատերազմի ժամանակ Հադրութում։ Վարդանի խոսքով՝ դիրքերում օրերով մնում էին ձների մեջ, ու քանի որ ցրտին արյունն էլ լավ չի աշխատում, սկսել է մրսելը, ինչի արդյունքում էլ ոտքերը ցրտահարվել են։

«Հետո վիրավորվել եմ, «ասկոլկեն» ոտքիս մեջ ա մնացել, տիրություն չեմ արել, չեմ հետևել, դրա համար էլ տարիների ընթացքում դարձավ գանգրենա։ Դրանից հետո արդեն զգացի, որ հենց մի փոքր ցուրտ էր խփում, ոտքերս ցավում էին։  2012 թվականին սկսեցին կտրելը մինչև էսօր։ Հիմա էլ դարձել ա անոթային խնդիր՝ կտրտելով գնում են։ էդ ա, հաջորդն արդեն էս ձեռքս ա»։

Բուժման համար անհրաժեշտ դեղերը շատ թանկ են՝ ՀՀ-ում 200-300․ 000 դրամ։ Վարդանը դիմել է Արցախի շտաբ օգնության համար, Սոցապ նախարարություն, բայց մերժել են, քանի որ հնարավորություն չունեն էլեկտրական սայլակ տրամադրելու։

Վարդանը 36,000 դրամ թոշակ է ստանում։ Մինչ 44-օրյա պատերազմը նա մոր և քրոջ տղայի հետ Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում էր բնակվում։ «Դարձանք փախստական, իսկ քրոջս տղեն պատերազմում զոհվեց․ մեր տերն ու տիրակալն էր»։ Հիմա Վարդանը 73-ամյա մոր հետ ապրում է Արմավիրի մարզում՝ Մեծամորում։ Նրա միակ խնդրանքն է էլեկտրական սայլակ տրամադրելը․ «Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»։

 

Անի Թորոսյան

Աստղիկ Գաուդյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest