Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը հիվանդանոցում մահացել է

49

Քաղաքացի Ա․ Մ․-ն 2022 թվականի ապրիլի 7-ին մուտք է գործել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ։ Հիմնարկ տեղափոխվելու առաջին իսկ օրից հայտարարել է հացադուլ։ Մայիսի 3-ին նրան տեղափոխել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ, իսկ մայիսի 26-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դատապարտյալ Ա․ Մ․-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից պարբերաբար տարել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին գրում է Iravaban.net-ը։

Դատապարտյալ Ա․ Մ․-ն հացադուլի ողջ ընթացքում գտնվել է «Արմավիր», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների և ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի մշտական վերահսկողության տակ։ Նրա հետ իրականացվել են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական, իրավական և սոցիալական բնույթի համալիր աշխատանքներ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև բացատրվել է, որ իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ ԱՆ քրեակատորղական ծառայության իրավասության և լիազորությունների սահմաններից դուրս են, սակայն վերջինս դրսևորել է մերժողական վերաբերմունք և չի դադարեցրել հացադուլը։

Հունիսի 12-ին Ա․ Մ․-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սույն թվականի հունիսի 28-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Ա․ Մ․-ն հացադուլ էր հայտարարել առանց իր ներկայության դատարանի վճիռ կայացնելու և դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով։