Եզդիական համայնքի ղեկավարը հերքում է Սուլթանյանի դեմ մեղադրանքները

51

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը)։

Սաշիկ Սուլթանյանի գործով վկանները նշեցին, որ Սուլթանյանի զրույցում եզդիների և հայերի միջև ազգամիջյան թշնամանք հրահրելու դիտավորություն չեն տեսնում, զրույցից հետո նման դեպքեր չեն արձանագրվել, ավելին՝ հարցաքննվող վկաները զրույցի մասին տեղեկացել են ԱԱԾ-ից։

Այսօրվա դատական նիստին որպես վկա քննվեց եզդիական համայնքի ղեկավար և ներկայացուցիչը, ով հերքեց Սուլթանյանի դեմ մեղադրանքները․

«Նման բան չկա, ինքը գլուխը դրել է ցավի տակ։ Ինքը չի ուզում ասի, թե ով է իրեն ասել, բայց ես գիտեմ։ 30 տարի համայնքապետ եմ, չգիտե՞մ մարդկանց ոնց են խաբում, ինչ են անում․․․»,-ասաց Մրազ Բրոյանը։

Հաջորդ վկան թարգմանիչն էր՝ Հասան Թամոյանը, ով թարգմանել էր հարցազրույցը։ Վերջինիս խոսքից հետո մեղադրական կողմը միջնորդություն ներկայացրեց վերադառնալ ապացույցների ներկայացման սահմանված կարգին և գործում ներգրավված անձանց մասնակցությամբ դռնփակ նիստով հետազոտել վիճարկվող հարցազրույցն ամբողջությամբ և տեղում ստուգել թարգմանչի կատարած թարգմանության արժանահավատությունն ու օբյեկտիվությունը։

Միջնորդությունը բավարարվեց։ Պաշտպանական կողմը հարցազրույցը դռնբաց լսելու վերաբերյալ առարկություններ չուներ։

Հարցազրույցի ունկնդրման ավարտին վկան խոսեց եզդիական համայնքում կրթության ոլորտում թերությունների մասին, որի պատճառով, ըստ նրա, եզդիները կիրառում են բառեր, որոնք եզդիերեն չեն։

Սուլթանյանի պաշտպանը գնահատեց վկայի անկեղծությունը՝ ասելով, որ Սուլթանյանը հենց կրթության ոլորտում թերություններն է նկատի ունեցել՝ մատնանշելով իշխանություններին, որը, սակայն, մեկնաբանվել է որպես ատելության խոսք։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Սուլթանյանը, 2020-ի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցով կատարել է հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

Մասնավորապես, նա իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին Հայաստանում հող ունենալու իրավունք չունի։

Սուլթանյանը նշում է, որ լրագրողը առանց իր իմացության, որպես հարցազրույց հրապարակել է իրենց անձնական զրույցը, որտեղ ինքը բաց խոսում է եզդիական համայնքի խնդիրների մասին։ Հրապարակված նյութը, իր պահանջով հեռացվել է հենց նույն օրը, բայց տեքստը պահպանել ու թարգմանել են հայերեն՝ շատ փաստեր խեղաթյուրելով, ասել է Սուլթանյանը։

Հիշեցնենք՝ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:

2022 թ․ հունիսի 27-ին Սաշիկ Սուլթանյանի հետ հանդիպման ընթացքում նրա նկատմամբ քրեական հետապնդմանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լ․ Թրեյսին։ Դեսպանը շեշտել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։

Երեկ դեսպան Թրեյսին հանդիպել էր Սուլթանյանին․

«Նրանք անդրադարձան Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկեցին ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։ Դեսպան Թրեյսին նշեց, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։

Դատարանն այսօր լսեց 4 վկաների, մյուս 5 վկաներին դատարանը կլսի օգոստոսի 8-ին՝ ժամը 15։30, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։