Հունիսի 24-ին «Liver» արվեստի մենեջմենթի ընկերության ջանքերով Հայ բարեգործական ընդհանուր միությունում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Արամն ուսանել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, հետո`Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, գրաֆիկ-դիզայներ էր, նպատակ ուներ ուսումը շարունակել Իտալիայում: 21 տարեկանում զորակոչվելով բանակ` Արամը ծառայել է նախ Արմավիրի զորամասում, այնուհետեւ`Կուբաթլիում:
Մայրը` Կարինե Հարությունյանը, պատմում է, որ թեեւ արվեստագետներն ազատ կյանքի են սովոր, սահմանափակումներ չեն հանդուրժում, սակայն Արամը երբեք չի բողոքել բանակային ծառայությունից:
Երբ սկսվել է պատերազմը, Արամին եւ նրա ընկերներին տարել են Ջրական, նա եղել է տանկի հրամանատար, ավագ սերժանտ: Հոկտեմբերի 5-ին էլ նա զոհվել է Ջրականում, դիպուկահարի կրակոցից: Մոտ տասն օր հարազատները չեն կարողացել գտնել Արամի դին, հայրը`Արթուրը, հասել է Արցախ, որոնել, չի գտել: Պարզվել է, որ նրա դին եղել է Մեծամորում:
Կարինեն ասում է, որ սեպտեմբերի 25-ից Արամն իմացել է, որ պատերազմ է լինելու, պետք է պատրաստ լինեն, նրանց տարել էին Ջրականի դիրքեր: Հոկտեմբերի 2-ից էլ հայտնվել են շրջափակման մեջ:
«Տղաները չեն ունեցել զրահաբաճկոն, սաղավարտ, ոչինչ չեն ունեցել: Եթե սաղավարտ ունենար, հնարավոր է, որ իմ տղան փրկվեր: Եթե այդ ամենն ունենային, շատ զինվորներ կփրկվեին: Իրենք իմացել են, որ պատերազմ է լինելու, եւ այդ տղաներին հանպատրաստից տարել են դիրքեր»,- ասում է Կարինեն:
Արամի մարտական ընկերը` Սեյրան Սողոյանը, վիրավորվել է, մի կերպ է հաջողվել փրկել նրա կյանքը, պատերազմից վերադառնալուց հետո ուսումը շարունակում է ԵՊՀ-ի «Միջազգային հարաբերություններ » ֆակուլտետում: Պատերազմի ժամանակ Սեյրանը եղել է վաշտի ավագ նշանառու: Սեյրանը մտերմացել է Արամի հետ, քանի որ իրենից մեծ էր, հասուն, համարել է, որ նրանից շատ բան ունի սովորելու:
«Արամին վերջին անգամ տեսել եմ այն օրը, երբ ես վիրավորվել եմ, ինքն էլ իմ գրկում է զոհվել: Տանկի վրա էի, երբ դիպուկահարի հարվածից վիրավորվել եմ: Իմ վաշտի տղաները կարողացան կյանքս փրկել, դուրս բերեցին տանկից, տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո` ուղղաթիռով Երեւան: Ինձ համար շատ դժվար է, դաժան է այդ մասին խոսելը, քանի որ ես նայում էի իր աչքերի մեջ եւ ոչինչ չէի կարողանում անել: Ես ուզում եմ, որ Արամի մասին չխոսեն անցյալ ժամանակով, իր նկարները ցուցադրվեն, ինքը միշտ հիշվի»,- ասաց Սեյրանը:
Պատերազմից հետո Սեյրանը ամենաողբերգականը համարում է մարդկային կորուստները, քանի որ շատ ընկերներ է կորցրել: Նա հիմա մտածում է, որ պետք է ապրի ոչ միայն իր համար, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր զոհվեցին պատերազմում, իրականացնի իր զոհված ընկերների նպատակներն ու երազանքները: Ասում է, որ նույն կուրսից կան զոհված ընկերներ, կան վիրավորներ, որոնք շարունակում են ուսումն իր հետ:
Որպես ապագա դիվանագետ` Արամը կարծում է, որ մենք նախ պարտվել ենք դիվանագիտության ոլորտում, մենք դասեր չենք քաղել պատմությունից:
«Խրիմյան Հայրիկի օրինակը ցույց է տալիս, որ մենք ոչ թե մեր ուժին ենք ապավինում, այլ դրսի ուժերին: Բնականաբար, մենք պետք է մեր դիվանագիտական ոլորտում լուրջ աշխատանք կատարենք, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի մասին մեր երկրից դուրս ավելի շատ բան պետք է իմանան, քան Հայաստանում »,- ասում է Սեյրան Սողոյանը:
Արամի զոհվելուց հետո Գեղարվեստի ակադեմիայից ոչ ոք նրա ընտանիք չի այցելել, չի հետաքրքրվել նրա հարազատներով:
«Ամիսներ անց ես գնացի Գեղարվեստի ակադեմիա, վերցրեցի տղայիս նկարները, բերեցի տուն, չթողեցի, որ որեւէ նկար մնա այնտեղ: Եթե նրանք այդ ընթացքում չհիշեցին իրենց ուսանողին, ինչո՞ւ պետք է նրա նկարները մնային այնտեղ »,- նշեց տիկին Կարինեն:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: