Ըստ ՄԻԵԴ վճռի՝ խախտվել են Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և ևս 2 մասնակիցների իրավունքները

22

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացրել, որոնցով եզրահանգել է՝ խախտվել են Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և ևս երկու մասնակիցների իրավունքները։

Ստրասբուրգի դատարանը երեք մեղադրյալներին տևական ժամանակ կալանք տակ պահելը համարել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։

«Խոսքը գնում էր նախնական կալանքի մասին, որն, ըստ էության, մենք բողոքարկել ենք, բոլոր երեք ատյաններում, որից հետո, իհարկե, դիմել ենք Եվրադատարան, տարիներ անց ստացել ենք պատասխան, որ ըստ էության, այն կալանքը, որ մեզ տվել են, չարչարանքն ու խոշտանգումների միջով, բարոյահոգեբանական իհարկե, որ անցել ենք, եղել է իսկապես անհիմն, ոչ արդարացի, որի հիման վրա Եվրոպական դատարանը որոշում է կայացրել ու արդարացի է համարել մեր պահանջը», — նշեց Վարդանյանը:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ զինված խմբի 20 անդամները՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 2015 թվականին ծրագրել էին իշխանությունը բռնությամբ զավթել։ Արդեն 6 տարի ձգվող դատաքննությունը մոտենում է ավարտին։ Այսօր հերթական նիստն էր։ Վարդանյանն ասաց՝ կալանքի տակ չորս տարի է անցկացրել և բանտից ազատ արձակվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո՝ 2019-ի սեպտեմբերին 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

«Խնդիրը նրանումն է եղել, որ ամեն երկու ամիսը մեկ նախաքննության ընթացքում երկարացրել են մեր կալանքը մոտ մեկ տարի: Ի դեպ, ասեմ, որ հիմքը, ըստ էության, հանդիսանում էր այն, որ քննիչը պատճառաբանում էր նրանով, որ մենք կարող ենք խոչընդոտել նախաքննությանը, որից հետո նաև կալանքի տակ ենք մնացել դատաքննության ընթացքում, որը մեղադրող կողմը արդարացնում է նրանով, որ մենք կարող էիք խոչընդոտել դատաքննությանը, թաքնվեինք և այլն: Փաստացի դատարանը գտավ, որ անհիմն է եղել և՛ մեղադրող կողմի, և՛ քննիչների կողմից ներկայացված…. Մոտ երկու տարի ութ ամիս մենք համարյա տեսակցություն և զանգեր չենք ունեցել, մեր տեսակցությունն ու զանգերը բացվել են ու արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն ենք ունեցել 2018 թվականից հետո», — նշեց Վարդանյանը:

Եվրոպական դատարանը որոշել է, որ պետությունը պետք է Արթուր Վարդանյանին իր իրավունքների խախտման համար 6000 եվրո վճարի։