44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն արդյունավետ չի կարող կատարել իր գործառույթը․ Արմինե Մարգարյան․

21

ՀՔԱՎ-ը կազմակերպել է «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության քննարկումը, որի ընթացքում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն ասաց, որ 2016 թվականի պատերազմի հանգամանքները քննվեցին փակ համակարգով, որովհետև հանրությունը չտեղեկացավ արդյունքների մասին․

«Սա խնդիր է, որովհետև քննիչ հանձնաժողովներն ընտրում են այնպիսի թեմա, որն ունի հանրային հնչեղություն ու պահանջարկ, այսինքն հանրությունը հստակ պահանջ է տեսնում՝ քննելու փաստերը, թե ինչու և ինչպես են տեղի ունեցել, և որոնք են եղել այն հանգամանքները,որոնք ազդել են իրավիճակի նման հանգուցալուծման վրա»,-ասաց Մարգարյանը։

Աշխատությունն առաջարկում է դիտարկել այդ զեկույցի առնվազն հանրության համար հասանելի հատվածի հրապարակումը։ Առաջարկվում է ֆիլտրել պատկան մարմինները, ձևակերպումները, բայց ընդհանուր ու խորքային խնդիրները հասանելի, բաց տիրույթում ներկայացնել հանրությանը․

«Այստեղ մենք խնդիր ունենք նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի վերաբերյալ, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու, հետևաբար այս հանձնաժողովը բավարարաչափ արդյունավետ չի կարող կատարել իր գործառույթը։ Վերաքննիչ այս հանձնաժողովներն իրենց գործառույթն առավել արդյունավետ իրակացնում են, երբ խորհրդարանական ընդդիմություն է այդտեղ լինում»,-նշեց փորձագետը։